|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին և ղարաբաղյան հակամարտության վերջին փուլի մյուս գերիներին, ինչպես նաև վերադարձնել մահացածների մարմիններն ընտանիքներին`հուղարկավորության համար` համաձայն իրենց մշակութային ավանդույթների: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:
«Հակամարտության արդյունքում ազատությունից զրկված բոլոր անձինք պետք է վերադարձվեն իրենց տները, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան իրենց հարազատների աճյունները ստանալ՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի»,– նշել են փորձագետները:
Նրանք շեշտել են, որ իրենք հաղորդումներ են ստացել այն մասին, որ սպանվել են ռազմագերիներ և այլ գերիներ, ենթարկվել են բռնության և վատ վերաբերմունքի՝ առանց դատավարության:
«Ոչ մի բացառիկ հանգամանք՝ լինի պատերազմ, ներքաղաքական անկայունություն կամ որևէ այլ արտակարգ դրություն, չի կարող արդարացնել խոշտանգումները և բռնի անհետացումը: Նման գործողությունները ռազմական բախման ընթացքում կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություն»,- ասում են իրավապաշտպանները:
Նրանց հատկապես անհանգստացրել է մահացածների մարմինների պղծումը: «Երկու կողմերն էլ սկսել են վերադարձնել ռազմագերիներին և մյուս գերիներին: Մենք նրանց կոչ ենք անում դա անել «Բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով, պարզել անհայտ կորածների ճակատագիրը և արժանապատիվ վերաբերվել մահացածների մարմիններին»,- ասել են նրանք:
Փորձագետները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ իրականացնել լիակատար, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն հակամարտության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ՝ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու և տուժածներին փոխհատուցելու համար: Նրանք հավելել են, որ ապագայում շարունակելու են համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ և վերահսկելու են իրավիճակը: