կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 09:49
Քաղաքական

Հարկադիր կատարման ոլորտում ներդրվում է արգելանքների և բռնագանձումների էլեկտրոնային մոդուլ. Սերգեյ Մեղրյան

Հարկադիր կատարման ոլորտում ներդրվում է արգելանքների և բռնագանձումների էլեկտրոնային մոդուլ. Սերգեյ Մեղրյան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2020 թվականի «պարտադրված» հարաբերական անդորրը փորձել է օգտագործել բարեփոխման որոշակի ծրագրերի մշակման և ներդրման համար։ Գրեթե ավարտին է հասցվել դրամական միջոցների արգելանքների և բռնագանձումների նոր էլեկտրոնային մոդուլի մշակման գործընթացը, հանրային քննարկման է դրվել Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հայեցակարգը, գործադրվել է Ծառայության նոր կայքը, ակնկալվում է ներդնել էլեկտրոնային վարույթների ինստիտուտը։ Ծառայությունում իրականացված բարեփոխումների, քաղաքացիների դիմում-բողոքների և դրանց լուծումների, նախատեսվող ծրագրերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի հետ։

-Պարոն Մեղրյան, շուրջ մեկ տարի է՝ Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում եք: Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարում և մատնանշեք խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: 

-Նախ նշեմ, որ համավարակի և ռազմական դրության պայմաններում Ծառայությունն աշխատել է արտակարգ ռեժիմով և մեր կողմից ձեռնարկված քայլերն ուղղված են եղել Ծառայության բնականոն աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Համավարակի տարածումը կանխարգելելու և քաղաքացիների սոցիալական վիճակն էլ ավելի չվատթարացնելու նկատառումներից ելնելով՝ բավականին տևական ժամանակով դադարեցվեց քաղաքացիների հետ շփում ենթադրող մի շարք կատարողական գործողությունների կատարումը (գույքագրումներ, գույքի գնահատման փորձաքննություններ, վտարումներ, տեսակցություններ, գույքի առգրավումներ և այլն), ինչը, իհարկե, բացասաբար է անդրադարձել Ծառայության կատարողականի ֆինանսական և քանակական ցուցանիշների վրա՝ հաճախ առաջացնելով նաև դատական ակտերով պահանջատերերի արդարացի դժգոհությունը։  

Ծառայության հիմնական գործառույթների կատարման տեսանկյունից «պարտադրված» հարաբերական անդորրը փորձեցինք օգտագործել բարեփոխման որոշակի ծրագրերի մշակման և ներդրման համար։

Ծառայության ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում մշակվել և հանրային քննարկման է դրվել Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հայեցակարգը, որն առաջարկում է բազմաթիվ խնդիրների հայեցակարգային լուծումներ։ Այս պահին հայեցակարգը դեռ քննարկվում է, ուստի ձեռնպահ մնամ մանրամասներից՝ հետագայում այդ մասին շատ ավելի մանրամասն խոսելու պատրաստակամությամբ։

Կարևոր ձեռքբերում էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և տարբեր պետական կառույցների միջև տվյալների փոխանակման թարմացումը և փաստաթղթաշրջանառության ավտոմատացումը։ Օրինակ՝ ՊԵԿ-ի և Սոցիալական ապահովության ծառայության հետ տեղեկատվության փոխանակման թվային նոր լուծումների շնորհիվ կարողացանք լուծել պարտապանների կենսաթոշակի, աշխատավարձի և սոցիալական աջակցության գումարների վրա արգելանք դնելու հետ կապված խնդիրները։ 

Կենտրոնական բանկի հետ կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում գրեթե ավարտին է հասցվել դրամական միջոցների արգելանքների և բռնագանձումների նոր էլեկտրոնային մոդուլի մշակման գործընթացը, որի գործարկման արդյունքում կլուծվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների տևական և հաճախ անհամաչափ արգելադրման հետ կապված խնդիրները։ Եթե ներկայումս բռնագանձման վարույթ հարուցելիս բռնագանձման ենթակա գումարի չափով արգելանք է կիրառվում պարտապանի բոլոր հաշիվների, տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի նկատմամբ, իսկ ապա բանկերից ստացված տեղեկատվության հիման վրա որոշում է կայացվում բռնագանձում կատարելու մասին արգելադրված այն հաշվից կամ հաշիվներից, որոնցում առկա են բավարար միջոցներ, ու արգելանքները վերացվում են միայն բռնագանձումը կատարելուց հետո (այդ պրոցեսը տևում է բավականին երկար՝ լրջագույն անհարմարություններ պատճառելով պարտապանին), նոր ծրագրային մոդուլի ներդրումը հնարավորություն կտա համապատասխան կատարողական գործողություններն իրականացնել առանց հարկադիր կատարողի մասնակցության՝ ինքնաշխատ եղանակով։ Ամենակարևորը՝ ի սկզբանե կարգելադրվի բացառապես այն բանկային հաշիվը, որում առկա միջոցները բավարար են բռնագանձումը կատարելու համար, իսկ մյուս հաշիվները, անկախ դրանում միջոցների առկայության հանգամանքից, կամ չեն արգելադրվի, կամ կապաարգելադրվեն շատ արագ, տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի արգելանքներն ինքնաշխատ կվերացվեն շատ սեղմ ժամկետներում։ Այս ամենը էականորեն կբարձրացնի վարույթների արդյունավետությունը, կնվազեցնի բանկային հաշիվների արգելադրմամբ պատճառվող անհարմարությունները, կբացառի տևական ժամանակով պարտապանի բոլոր բանկային հաշիվներն արգելադրված պահելու դեպքերը, էականորեն կնվազեցնի հարկադիր կատարողների անհամաչափ ծանրաբեռնվածությունը և, իհարկե, ի չիք կդարձնի վարույթի տվյալ փուլը միջնորդավորող մի շարք կոռուպցիոն ռիսկեր։

-2020 թվականին նոր կորոնավիրուսային համավարակի և երկրում հայտարարված ռազմական դրության հետևանքով բնակչության որոշ խմբեր սոցիալապես խոցելի վիճակում են հայտնվել։ Հարկադիր կատարման ոլորտում արդյո՞ք կատարվել կամ սպասվում են սոցիալապես խոցելի վիճակում հայտնված բնակչության խմբերի սոցիալական բեռը թեթևացնելու միջոցառումներ։

-Նշեմ, որ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելուց հետո Ծառայության կողմից արգելանք չկիրառվեց և բռնագանձում չտարածվեց ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախաձեռնությամբ մշակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում մի շարք վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից կարճ ժամկետում վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտավորությունը կհամարվի պատշաճ կատարված, և այս արտոնությունն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատվածում կգործի նաև հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի նկատմամբ․ այս դեպքում քաղաքացիները կազատվեն նաև կատարողական ծախսերի վճարման պարտավորությունից։

Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել մեկ այլ նախագիծ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, որով առաջարկվում է մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձել։ 

- Պարոն Մեղրյան, կխնդրեի ներկայացնել դատական ակտերի հարկադիր կատարման 2020 թվականի վիճակագրական ամփոփ տվյալները: Նախորդ տարիների համեմատ ինչպիսի՞ն է պատկերը: 

- Հիմնական ցուցանիշները հետևյալն են․ 2020 թվականին ընթացք է տրվել ավելի քան 1․5 միլիոն կատարողական վարույթների, որոնցից կարճվել է շուրջ 430 հազար վարույթ (հիմնականում՝ փաստացի կատարման հիմքով) և ավարտվել է շուրջ 955 հազար վարույթ (առավելապես բավարար գույք և դրամական միջոցներ չհայտնաբերելու հիմքով)։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընթացիկ վարույթների քանակը կազմել է շուրջ 180 հազարի, որոնք տեղափոխվել են 2021 թվական։

Ի կատարումն դատական և այլ ակտերի ընդհանուր առմամբ բռնագանձվել է 31․176․518․312 դրամ, որից․

պետական բյուջեի օգտին՝ 10․959․851․521 դրամ․
իրավաբանական անձանց օգտին՝ 17․553․874․214 դրամ․
ֆիզիկական անձանց օգտին՝ 1․119․353․799 դրամ․
ոչ գույքային բնույթի վարույթներով՝ 1․543․438․775 դրամ։
Համեմատության համար․ 2019 թ․ համեմատ գանձվել է 2,5 մլրդ-ով պակաս, իսկ 2018-ի համեմատ՝ 4,8 մլրդ-ով ավելի։

Զուգահեռ բռնագանձվել է կատարողական գործողությունների կատարման ծախս՝ շուրջ 2,2 մլրդ-ի չափով, որը կազմում է 2020 թվականին Ծառայությունը պահելու համար բյուջետային ծախսերի 91%-ը։

- Նախորդ տարի քաղաքացիների կողմից քանի՞ դիմում-բողոք է ներկայացվել: Հիմնականում դրանք ի՞նչ բովանդակություն են ունեցել: 

-2020 թվականի ընթացքում Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, արդյունավետության ապահովման ուղղությամբ ձևավորեցինք փորձառու մասնագետներից կազմված արագ արձագանքման խումբ, որի օգնությամբ քաղաքացիները կարող են ստանալ ամբողջական տեղեկատվություն իրենց նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ և առանց Ծառայություն այցելելու լուծել դրանց վերաբերող մի շարք խնդիրներ։ Մշակվել և ներդրվել է Թեժ գծի նոր թվային հարթակ, կրկնապատկվել է Թեժ գծի աշխատակիցների քանակը, սահմանվել են վերահսկողության մեխանիզմներ։

Այդուհանդերձ պետք է նշեմ, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է Ծառայությանը հասցեագրված թվով 156.053  դիմում  և գրություն: Անձամբ ինձ հասցեագրվել է 167 բողոք: :  Ավելացել է Ծառայության «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերի թիվը։ Ընթացք է տրվել 36.582 հեռախոսազանգի: Հեռախոսով ներկայացված բողոքների թիվը կազմել է  373: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը հիմնականում վերաբերել են հարկադիր կատարողի ենթադրելի անգործությանը, կատարողական թերթի պահանջը կատարելուն, կիրառված արգելանքները վերացնելուն, հարկադիր կատարողի կայացրած որոշումը փոփոխելուն կամ վերացնելուն։

-Քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ իրենց նկատմամբ կատարողական վարույթ հարուցվելու մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ հարկադիր կատարողն արդեն արգելանք է կիրառել իրենց դրամական միջոցների և այլ գույքի նկատմամբ։ Այս հանգամանքն ինչո՞վ է պայմանավորված, արդյո՞ք սա օրենքի պահանջ է, թե՞ հարկադիր կատարողի անփութության հետևանք։

-Օրենքը հարկադիր կատարողին պարտավորեցնում է կատարողական վարույթ հարուցելու և պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին պարտապանին ծանուցել միայն պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց հետո, ինչը միանգամայն տրամաբանական և հիմնավորված է, քանի որ հակառակ՝ մինչ արգելանք կիրառելը պարտապանին ծանուցելու դեպքում չափազանց մեծ կլինի պարտապանի կողմից իրեն պատկանող գույքը մինչ հարկադիր կատարողի կողմից արգելադրելն օտարելու ռիսկը։ 

- 2021 թվականին գործարկվել է Ծառայության նոր կայքը: Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել կայքում: 

-Նոր կայքի գործարկմամբ փորձել ենք Ծառայության գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը զուգահեռ արդի տեխնոլոգիական լուծումներով մշակված հատուկ թվային գործիքների օգնությամբ քաղաքացիներին հնարավորություն տալ հաշված րոպեների ընթացքում մեկ միասնական հարթակով ուղարկել դիմում, բողոք, հարցում և, օրենքով թույլատրելի դեպքերում, վարույթին առնչվող անհրաժեշտ այլ փաստաթղթեր։ Կայքն ապահովում է ոչ միայն Ծառայության գործունեության թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը, այլ նաև մեկ պատուհանի սկզբունքով արդյունավետ հետադարձ կապ այցելուների հետ՝ առաջարկելով մտահոգող խնդրի լուծման թվային գործիքներ։

Կայքի մոբայլ տարբերակը վեբհավելվածի տեսքով հասանելի է նաև սմարթֆոնների համար։ Առաջիկայում համալիր բարեփոխումների և կայքի հետագա արդիականացման համար նախատեսում ենք գործառութային նոր գործիքների կիրառում, այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդի՝ նոր ձևաչափով կայքի գործարկում։ Բոլորովին վերջերս ավարտվել են աշխատանքները Ծառայության կողմից կազմակերպվող էլեկտրոնային հարկադիր աճուրդների նոր էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ։ Այն կառուցվել է անվտանգության, շահառուների համար հարմարավետության, աճուրդի ընթացքի վրա ազդելու սուբյեկտիվ գործոնները հնարավորինս բացառելու սկզբունքներով և շահագործման կհանձնվի առաջիկայում՝ տեղադրման համար անհրաժեշտ սերվերների խնդիրը լուծելուց հետո։

Հավելեմ, որ Ծառայության և արդարադատության նախարարության մասնագետների ուժերով մշակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը, իսկ Համաշխարհային բանկի հետ կատարված աշխատանքի արդյունքներով ստացվել է վերջինիս համաձայնությունը Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի շրջանակներում ֆինանսավորելու շուրջ 100 մլն դրամ արժողությամբ ծրագրային ապահովման ստեղծման աշխատանքները, ինչի կապակցությամբ հայտարարվել է մրցույթ։ Ներկայումս իրականացվում են մրցույթի արդյունքների ամփոփման աշխատանքները, որից հետո հաղթող կազմակերպության հետ կսկսվեն Համակարգի մշակման և ներդրման աշխատանքները, որը նախատեսվում է իրականացնել 7 ամսվա ընթացքում: 

Ծրագրի բարեհաջող ավարտին ակնկալվում է ներդնել էլեկտրոնային վարույթների ինստիտուտը՝ նվազեցնելով հարկադիր կատարողի և վարույթի կողմերի անմիջական շփումը, ինչը զգալիորեն կապահովի պետության ու կողմերի նյութական և ժամանակային ռեսուրսների խնայողություն, ինչպես նաև էապես կնվազեցնի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, յուրաքանչյուր կատարողական վարույթի շրջանակներում ստեղծել անձնական էլեկտրոնային կաբինետ, որը Ծառայության նոր կայքի միջոցով հասանելի կլինի հարկադիր կատարողի և վարույթի կողմերի համար, և հնարավորություն կընձեռնի ակնթարթորեն առանց հավելյալ ծախսերի առցանց ստանալ-ներկայացնել կատարողական վարույթի նյութեր, դիմումներ, ծանուցումներ, տեսակապի միջոցով մասնակցել վարչական լսումների։ Նախատեսվում է ներդնել մոնիթորինգի լրջագույն գործիքակազմ, որը հնարավորություն կտա իրական ժամանակի ռեժիմում հետևել և գնահատել Ծառայության, դրա առանձին ստորաբաժանումների կամ հարկադիր կատարողի գործունեությանը, ժամկետների պահպանմանը։

- 2021 թվականին ի՞նչ ծրագրեր եք նախատեսվում իրականացնել Ծառայությունում:

-Ծառայության բարեփոխումների համատեքստում ներկայումս ակտիվորեն մշակվում են «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնցով մտադրված ենք լուծելու կատարողական գործողությունների արդյունավետության վրա բացասաբար ազդող մի շարք ընթացակարգային բնույթի խնդիրներ։

Ինչպես նշեցի, Ծառայության բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար նախատեսում ենք կատարողական վարույթների վարման ծրագրի արդիականացում։

Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում պլանավորում ենք բարեհաջող ավարտին հասցնել կատարողական թերթի ինստիտուտը վերացնելու և անմիջապես կատարման ենթակա ակտերի հիման վրա կատարողական վարույթները հարուցելու գաղափարը, որի կենսագործումը հնարավորություն կտա նվազեցնել կատարողական թերթի տրամադրման հետևանքով դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունը և նպաստել դատական ակտերի հարկադիր կատարման դիմումների ներկայացման գործընթացի պարզեցմանը։ Անհրաժեշտ նախագիծն արդեն շրջանառում է, առաջիկայում պետք է լուծենք բավականին բարդ տեխնիկական մի շարք խնդիրներ։

Անելիքները շատ են, փոփոխությունների հանրային պահանջը՝ մեծ։ Ուստի աշխատելու ենք օր ու գիշեր։