կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-11 07:53
Հասարակություն

Հարկադիր կատարման ծառայության ղեկավարն ամենազոր է՝ արդարադատության նախարարը` քավության նոխազ

Հարկադիր կատարման ծառայության ղեկավարն ամենազոր է՝  արդարադատության նախարարը` քավության նոխազ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը բաց-նամակ է հղել ՀՀ վարչապետին` Արդարադատության նախարարի` աշխատանքից հեռացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ: Ստորեւ՝ նամակն ամբողջությամբ.

 

«Սույն թվականի դեկտեմբերի 9-ին` կառավարության նիստի ընթացքում, արդարադատության նախարարին ազատելու մասին Ձեր հայտարարության մեջ նշել եք. «Մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարեւորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում պաշտոնատար անձանց պահվածքին: Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել ծառայության պետին իր պահվածքի համար: Արդարադատության նախարարը հանձնարարականը չի կատարել»:

 

Արդյունքում ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով` աշխատանքից ազատվել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

 

Իհարկե, պաշտոնատար անձանց պատշաճ պահվածքի Ձեր պահանջին ամբողջությամբ կմիանա մեր հասարակությունը եւ մենք նույնպես: Շատ ավելի հասկանալի կլիներ այս ամենը, եթե անմիջապես աշխատանքից ազատվեր հենց էթիկայի կանոնները լրջորեն խախտած պաշտոնյան:
Սակայն հասարակությունը, պաշտոնապես տեղեկացված չլինելով Հարկադիր կատարման ծառայության ղեկավարի կողմից թույլ տված էթիկայի կանոնների լուրջ խախտման մասին, բարձրացնում է մի շարք հարցեր.

 

1. Ինչո՞ւ հեռուստալրատվամիջոցները պաշտոնապես չեն հրապարակել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի էթիկայի խախտման փաստի մասին լուրը, որպեսզի հասարակությունը ընկալի հրամանագիրը:

 

«ԴԱՀԿ ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ` «Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգըե հոդվածի 1-ին կետում գրված է. «Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին»:

 

2. Ե՞րբ է խախտումը տեղի ունեցել, անցե՞լ է արդյոք այն վեց ամիսը, որի ընթացքում  պետք է նշանակվեր կարգապահական տույժը, կամ գուցե նախարարը, կատարված խախտման վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատրաստվում էր դիմել Նախագահին` ծառայությունից ազատելու միջնորդությամբ:

 

3. Ի՞նչ է նշանակում էթիկայի կանոնների լուրջ խախտում, եւ ի՞նչ գործողություն եք ակնկալել  նախարարից` իբրեւ հրապարակային պատիժ:

 

4. Արդյո՞ք էթիկայի կանոնները լրջորեն խախտած ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շարունակում է աշխատել իր պաշտոնում:

 

5. Ինչո՞ւ օրենքները խախտած պետական պաշտոնյաները չեն պատժվում:

 

6. Որպես պատգամավորներ` մենք կարող ենք վկայել, որ Կառավարության անդամներից շատերն են իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարում եւ շատ ավելի վատ, քան Արդարադատության նախարարը: Ինչքանո՞վ է արդարացի ՀՀ նախագահի հրամանագիրը` հատկապես  նրա  նկատմամբ:

 

Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել վերոնշյալ հարցերի պատասխանները, որոնք կհրապարակվեն»: