կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-17 19:35
Իրավական

Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է

Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է

Ս/թ փետրվարի 16-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված՝ «Մանկական օգտագործված հագուստ ու կոշիկներ՝ ԴԱՀԿ-ի աճուրդում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ 25.01.2016թ. տրվել է թիվ ԵԿԴ-3879/02/15 կատարողական թերթը, որում նշված՝ «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ մաքսային պահեստում գտնվող 1488 զույգ մանկական կոշիկը ճանաչվել է տիրազուրկ՝ հանձնվելով պետության սեփականությանը:

Միաժամանակ, 19.01.2016թ. տրված մեկ այլ՝ թիվ ԵԿԴ-4966/02/15 կատարողական թերթով 734 կգ քաշով օգտագործված կոշիկն ու հագուստը ևս ճանաչվել են տիրազուրկ՝ հանձնվելով պետության սեփականությանը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ վերոնշյալ կատեգորիայի գույքերը հանձնվում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրացնելու համար:

Ինչ վերաբերում է նույն հրապարակման մեջ նշված՝ խոտհարքների ու վարելահողերի ցածր գնին, ապա տեղեկացնում ենք, որ համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4 հոդվածի 2-րդ մասի՝ եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով:

Հետևապես, այսպես կոչված վաճառվող հողերի «ջրի գինը» բացառապես պայմանավորված է հերթական հարկադիր էլեկտրոնային աճուրդում որևէ գնորդ չունենալու հանգամանքով: Հրապարակման մեջ նշված բժշկական կենտրոնի գույքի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդում իրացվելու հետ կապված՝ հստակեցնում ենք, որ նշված գույքը ֆիզիկական անձանց համատեղ սեփականություն է, և չի հանդիսանում բժշկական կենտրոնի գույքը:

Հարկադիր կատարման ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս և հետևություններ անելիս հենվել բացառապես ճշտված ու հիմնավորված տեղեկատվության վրա:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին