|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին այցելել է նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարություն և անձնակազմին ներկայացրել նախարար Կարեն Գրիգորի Սարգսյանին:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու: Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:
Հանդիպման ընթացքում Նախագահն անդրադարձել է նաև հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ շեշտադրելով, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու: Անդրադառնալով Հանրապետության կարգավիճակին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է: