կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-26 09:48
Հասարակություն

Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի բնակիչները չեն լքելու գյուղը, ոչ մի թիզ հող չենք տալու

Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի բնակիչները չեն լքելու գյուղը, ոչ մի թիզ հող չենք տալու

Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ Քաշաթաղի Աղավնո համայնքը դեկտեմբերի 1-ից անցել է Ադրբեջանի կազմ, բնակիչները սակայն չեն լքել գյուղը:

Խոսելով Ադրբեջանի տարածքում հայտնված հայկական գյուղի մասին՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ինչ է նախատեսվում այդ հինգ կիլոմետր տարածքի վերաբերյալ:

«Ռուսն ասում է՝ մինչև հինգ տարի ես եմ ասողը: Ես ասացի, որ ես իմ հայրենիքում եմ և զինվորի զինաթափումը նշանակում է մահ, ասում է՝ օրենքը սա է, չի քննարկվում: Մենք վերևը երեք «լինիա» պահում էինք, որ դիվերսիա չլինի, չկորի անասնապահը, չառևանգեն, հիմա այս պահին ընդունել ենք ռուս խաղաղապահի խոսքը, ասել ենք՝ եկեք վերցրեք զենքս»,-ասաց նա և նշեց, որ փակագծերը ավելին չի ուզում բացել:

Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ իրենք իրենց տները չեն վառել, իր տունը ոնց կար, այդպես էլ թողել է, սակայն հետո տեսել է, որ թալանել էին, ջարդ ու փշուր էին արել: «Իրենց ախորժակը շատ մեծ է, Սյունիքն էլ են ուզում, Երևանն էլ, բայց պետք է կանգ առնենք: Սա հյուրանոց չէ, որ լավ պայմաններում հայրենիքը մերն է, վատ պայմաններում թողնենք գնանք»,-ասաց նա և նշեց, որ չեն պատրաստվում հեռանալ գյուղից, ավելին` ուզում են վերակառուցել: