կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 14:58
Քաղաքական

Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ. Աշոտյան

Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր:
 
1. Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Սա ապացուցում է այն գնահատականը, որ գործող վարչակազմը լրջորեն և սրտացավ չի զբաղվել այս խնդրով:
 
2. Խոսելով նոյեմբերի 9-ից հետո Հադրութի շրջանում ռազմագերի դարձած մեր 62 տղաների մասին՝ ակնհայտ ընդգծվեց ադրբեջանական կողմի մանիպուլյատիվ և առևտրային մոտեցումը ռազմագերիների փոխանակման հարցում: Հուսադրող է, որ Լավրովի կարծիքով այնուհանդերձ կողմերը պիտի վերադառնան “բոլորը բոլորի դիմաց” սկզբունքին:
 
3. Հադրութում գերի ընկած մեր տղաների հետ կապված այնուհանդերձ կրկին ակնհայտ է հայկական կապիտուլյանտների անմեղսունակությունը, ինչի պատճառով այդպես էլ պարզ չի դառնում, ինչ հիմքով են զինադադարից հետո երկու հայկական գյուղերն անցել Ադրբեջանին, ինչի հետևանքով մեր զինվորականներն հայտնվել են գերության մեջ և շահարկվում են Ալիևի կողմից: Մանավանդ, հաշվի առնելով, որ այդ գյուղերը մեկ օրով ընդրկվեցին ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության քարտեզում:
 
4. Լավրովը վերահաստատեց նաև ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի հայտարարության մեջ տեղ գտած Լաչինի միջանցքին վերաբերող գնահատականները:
 
5. Միաժամանակ հայկական դավաճանական ոհմակի պատճառով նոյեմբերի 9-ից հետո Լաչինի միջանցքի և Սյունիքով դեպի Նախիջևան բացվելիք ճանապարհների միջև միջազգային ընկալման մեջ փաստացի անալոգիաներ են տարվում և դրվում է հավասարության նշան, ինչը երբեք մինչ այդ չի եղել:
 
6. Լավրովը նաև մեկ այլ, խիստ ուշագրավ հայտարարություն արեց: Նա ուղիղ տեքստով 44-օրյա պատերազմի նախադրյալներից մեկը դիտարկեց գործող իշխանությունների անհավասարակշիռ և պոպուլիստական հայտարարությունները՝ բանակցային գործընթացի տրամաբանությունից դուրս, ինչը նպաստեց պատերազմին: Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին նման պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ:
 
7. Հուսադրող է, որ Արցախի կարգավիճակի հարցը վերահաստատվում է որպես ապագա բանակցությունների հիմնահարց, այն էլ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, ինչի մասին ՌԴ ԱԳ նախարարը նույնպես երկու անգամ շեշտեց:
 
Փաստենք, որ Արցախի և Հայաստանի ապագային վերաբերող հիմնահարցերն այնքան շատ են ու ճակատագրական, որ ակնհայտ է մեզ այս օրն հասցրած դավադիրների ոհմակից անհապաղ ազատվելու գերխնդիրը»: