կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 17:40
Քաղաքական

Հերմինե Նաղդալյանը Մարուքյանին մեղադրեց ՀՀԿ-ի հանդեպ արդար չլինելու մեջ

Հերմինե Նաղդալյանը Մարուքյանին մեղադրեց ՀՀԿ-ի հանդեպ արդար չլինելու մեջ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով խիստ քննադատության ենթարկեց ՀՀԿ-ին այն բանի համար, որ մոնոպոլիզացրել է քաղաքական դաշտը:

Մարուքյանի ելույթը հաջորդեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ելույթին, որում նա ասում էր, որ եթե բոլորը մտահոգվել են, թե ինչու մեկ օրում 7 հազար մարդ դարձավ ՀՀԿ-ական, ուրեմն ցանկանում է, որ ընդդիմադիրներն էլ մեկ օրում 20 հազարով համալրեն իրենց կուսակցությունների շարքերը: «Լավ մաղթանք է, բայց եկեք իրականությունից խոսենք»,- ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով` որևէ մեկին չի խանգարում, որ ինչ-որ դարակներում դրված են 79 կուսակցության կանոնադրություններ, կնիքներ: Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտի խնդիրը կուսակցությունների շատ կամ քիչ լինելը չէ, այլ խնդիրը ամեն ինչ դեպի մեկ կուսակցություն տանելն է, քաղաքական մոնոպոլիայի հզորացումը, հանրային ծառայություններ մատուցող օղակների «հանրապետականացումը»:

Մարուքյանը մտահոգված է հավասար պայմանների համար. բոլոր ռեսուրսներն աշխատում են ՀՀԿ-ի համար, հանրային հեռուստաընկերությամբ լուսաբանում են ՀՀԿ համագումարը, որևէ այլ քաղաքական ուժի չեն լուսաբանում: Որքան մոնոպոլիստ գործարար կա` ՀՀԿ-ական է, հանրային ծառայությունները մատուցող օղակների աշխատողներին ստիպում են, որ ընտրություններից առաջ ՀՀԿ-ական դառնան: «Այս ամենը տանում է շատ վատ տեղ` միահեծան մոնոպոլ կառավարում, որը հակազարգացման հիմքն է»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է կուսակցությունների` տարածքային կառույցներ ունենալու պահանջին, նա խորհուրդ տվեց նայել ՀՀԿ-ի գույքը, թե ի՞նչ է սեփականաշնորհել ՀՀԿ-ն վերջին 15 տարիներին: Ոչ մի գործարար չի համարձակվում ֆինանսավորել որևէ ընդդիմադիր ուժի, որովհետև խնդիրներ կունենա, հանդիպումների ժամանակ  ընդդիմադիր ուժերին չեն տրամադրում սրահներ, կամ էլ ՀՀԿ-ն սկսում է վերահսկել, թե ընդդիմադիրները ինչպես են գործում, ում հետ են հանդիպում:

Պատգամավորը օրինակ բերեց Վանաձորի ՏԻՄ ընտրությունները, որտեղ եղավ մանդատագողություն, և հիմա քաղաքը գերի է մնացել այդ վիճակին, և եթե դա շարունակվի, ապա բոլոր կուսակցությունները կլուծարվեն, կմնա ՀՀԿ-ն, որին կլուսաբանեն ամբողջ օրը, և ՀՀԿ-ն կպատմի, թե ինչքան լավ բաներ է անում ինքը, բայց մարդիկ չեն նկատում ու չեն գնահատում:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը արձագանքեց. «Աստված սիրեք, մի քիչ արդարամիտ եղեք, սահման ունի ամեն ինչը: Օպոզիցիայի ելույթներմ ամենից շատ են լուսաբանում: Հանրապետականը 25 տարվա ընթացքում է այդ գույքը ստեղծել, դուք էլ 25 տարվա կուսակցություն եղեք, դուք էլ կունենաք»,- ասաց նա: