կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 17:10
Իրավական

50 հոգով` դուբինկաներով ծեծել եք Հայկին. սպանության մեջ մեղադրվող անչափահասի մայրը մեղադրեց վկային

50 հոգով` դուբինկաներով  ծեծել եք Հայկին. սպանության մեջ մեղադրվող անչափահասի մայրը մեղադրեց վկային

Տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով այսօրվա առաջին դատական նիստում ցուցմունք տվեց սպանվածի ընկերը` Մարտին Գևորգյանը (լուսանկարում), ով միջադեպի ժամանակ եղել էր նրա հետ: Վկան դատարանին հայտնեց, որ ամբաստանյալ Հայկ Աղամալյանին ճանաչում է պոլիտեխնիկից, և որ նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել:

 

Վկան պատմեց, թե ինչից է սկսվել վիճաբանությունը, անդրադարձավ թիվ 3 դպրոցում տեղի ունեցած միջադեպին, դրան հաջորդած մի քանի, այդ թվում` նաև ախալքալաքցիների մասնակցությամբ վիճաբանությանը, որը, ըստ նրա, հարթվել էր, և բուն` Տերյան փողոցի ծեծկռտուքին: Նա նշեց, որ իրենք մի քանի ընկերներով Տիգրանի հետ կանգնած են եղել բիստրոյի մոտ, որտեղ, Հայկ Աղամալյանի գլխավորությամբ, իրենց են մոտեցել մի խումբ տղաներ: Նրա խոսքով` Հայկը հայհոյել  , ասել. «Էդ ո՞ւմ ընկերոջն ես բան ասել»: Հետո քաշքշուկ է սկսվել է, որի ընթացքում, ըստ նրա, Հայկը դանակահարել է Տիգրանին:

 

«Տիգրանը թիկունքով էր կանգնած: Երբ տեսա Հայկոյին, մտածեցի իմ վրա ա գալիս, չհասցրեցի պահել, գնաց-խփեց Տիկոյի դոշին»,-ասաց նա և հավելեց, որ քաշքշուկից հետո մոտեցել է գետնին ընկած ընկերոջն ու ստուգել զարկերակը: «Ժողովուրդ հավաքվեց, սկոռի կանչել չէր լինում, ուշանում էր,  հետո կանչեցին, իմացանք, որ մահացել ա»,- պատմեց վկան:

 

Ի դեպ, շտապօգնության ուշանալու մասին իր ցուցմունքում հայտնեց նաև գործով մեկ այլ վկա` Աբելյանի անվան դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմանուել Թամամյանը : Ըստ գործի նյութերի` չնչին վիճաբանությունը, որից առաջացել էր բուն կռիվը, եղել էր հենց նրան նեղացնելու պատճառը: Էմիլը դատարանին հայտնեց, որ մասնակցել է Տերյան փողոցում տեղի ունեցած քաշքշոցին: Նա նշեց, որ տեսել է գետնին պառկած Տիգրանին և մտածել, որ նա ուշաթափվել է: «Այդ ժամանակ խանութի աշխատողները շտապօգնություն կանչեցին: Ոստիկանական մեքենա էր տարածքով անցնում, կանգնեցրեցինք, ասացինք նրանց մեքենայով Տիգրանին տեղափոխենք հիվանդանոց, ասացին` ոչ, պետք է շտապօգնությունը գա»,- պատմեց նա և հավելեց, որ դեպքի վայր ժամանած մյուս ոստիկաններն էլ հորդորել են իրենց չմոտենալ Տիգրանին` ասելով` թող շտապօգնությունը գա: «Երբ բժիշկը եկավ, արդեն ուշ էր, Տիգրանը մահացած էր»,- պատմեց վկան:

 

Վերադառնալով առաջին վկայի` Մարտին Գևորգյանի ցուցմունքին, նշենք, որ նրան հարցեր տալու ընթացքում ուշագրավ մանրամասներ ի հայտ եկան: Ամբաստանյալը վկային հիշեցրեց, որ իրենք երբևէ լավ հարաբերություններ չեն ունեցել, ընդհակառակը` նրանց հարաբերությունները լարված են եղել: Ամբաստանյալի մայրը` գործում որպես օրինական ներկայացուցիչ ընդգրկված Նարինե Արիստակեսյանը,  Գևորգյանից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ ճիշտը չես ասում, ինչո՞ւ չես ասում, որ թշնամական հարաբերություների մեջ ես եղել, ինչո՞ւ պետք է քեզ չխփեր, այլ Տիգրանին խփեց»: Դրան ի պատասխան, վկան ասաց. «Հենց էդ ա, ինչի՞ պետք ա ինձ չխփեր»: Ամբաստանյալի մայրը էլ ավելի բորբոքված տոնով հայտարարեց. «Որտե՞ղ եք դեկտեմբեր ամսին կռիվ արել, կարա՞ս հերքես դա, որ հավաքվել եք 50 հոգով, դուբինկաներով ծեծել Հայկին, որ էդ վիճակով եկավ տուն»: Վկան պատասխանեց, որ նման բան չի եղել: «Վկաներ կան, ձեր հիշողությունը կթարմացնեն»,- ակնարկեց ամբաստանյալի մայրը:

 

Նշենք, որ այս գործում ներգրավված է ավելի քան 40 վկա:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ