Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքերը զինված կանգնել են։ Եթե մտադրություն չունեն կրակելու՝ ինչո՞ւ են զինված, թող առանց զենքի կանգնեն. Yerkir. am-ին իր մտահոգություններն է հայտնում Սյունիքի Եղվարդ համայնքի նախկին գյուղապետ Սպարտակ Զաքարյանը։
«Էդ զինված խմբի առջեւով գյուղացին շունչը պահած է անցնում՝ ուշքն ու միտքը՝ կրակո՞ւմ ա, թե՞ չի կրակում։ Անզեն մարդը, վախը սրտում, ի՞նչ անի, առնվազն մենք էլ պիտի զենքով անցնենք։ Եթե մարդը զենքով է կանգնած, անկախ ամեն ինչից, մնում է թշնամի»,- ասում է նա։
Եղվարդից 1 կիլոմետր հեռու թշնամու հենակետ է։ Ադրբեջանական զինյալների նշանառության տակ են հայտնվել գյուղը, մշակվող հողատարածքներն ու արոտավայրերը, Կապան-Ագարակ, ապա Եղվարդ տանող՝ կենսական նշանակության գլխավոր ավտոճանապարհը։ Ագարակի, Եղվարդի, Ուջանիսի ու Խդրանցի բնակիչները թեեւ այս ճանապարհին ունեն այլընտրանք, սակայն շրջանցիկ ճանապարհը ոչ միայն դժվարանցանելի է, անբարեկարգ վիճակում, այլեւ՝ մի քանի անգամ ավելի երկար։ «Մեր ճանապարհը մնաց Ադրբեջանին։ Չենք երթեւեկում, մի մասը մնաց մեր սահմաններից դուրս։ Այլընտանքային ճանապարհ ունենք, բայց որակն այն չէ։ Ինչ արած, առայժմ օգտվում ենք։ Կյանքներս կփոխվի, էլ առաջվանը չի լինի։ Մոսկվայում Փաշինյանը ճանապարհների ապաշրջափակման համաձայնություն տվեց։ Առայժմ չենք տեսնում պետության շունչը։ Պետք է օր առաջ արդեն մտածեին այստեղ ճանապարհը բացելու մասին։ Այդ բանակցություններից, փաստաթղթի ստորագրումից հետո դեռ պետության ոչ մի ներկայացուցիչ չի եկել»,- ասում է Եղվարդի նախկին գյուղապետը։
Սպարտակ Զաքարյանը պատերազմի ժամանակ ինքնապաշտպանության պատասխանատու է եղել։ Շեշտում է՝ պետության շունչ չի զգացել պատերազմի առաջին իսկ օրվանից։ «Պատերազմի սկսվելուն պես պետություն չենք տեսել այդ գյուղերում։ Նույնիսկ տեղեկատվություն չեն տալիս, ամեն ինչ թաքուն է արվում, 1 ամիս հետո ենք լսում։ Գոնե ինֆորմացիա տան։ Պատերազմը ներքեւից գալիս է, չգիտենք՝ թո՞ւրքն է մեր դեմը, թե՞ բանակ ունենք կանգնած։ Պետությունը ոչինչ չէր ասում մեզ, նույնիսկ մինչեւ ինքնապաշտպանությունն իրականացնելը, կազմավորվելը»,- պատմում է մարտական գործողություններին մասնակցած՝ Եղվարդի բնակիչը։
Զաքարյանը նշում է, որ այս պահին հայկական հենակետերը հսկում են միայն մեր սահմանապահ ուժերը, ռուս խաղաղապահներ չկան։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, այցելելով Կապան քաղաքը եւ Կապանի գյուղերը, վկայում է, որ մինչ այս պահը կիրառվող մոտեցումների արդյունքում այստեղ լուրջ սպառնալիքներ են ստեղծվել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարեւորության մյուս իրավունքների համար, կամ դրանց մի մասն արդեն իսկ կոպտորեն խախտվել է: ՄԻՊ-ը հայտնում է, որ ՀՀ պետական սահմանները վտանգված են:
Լիանա Սարգսյան