կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-12 14:44
Քաղաքական

Սրանց ուշքն ու միտքը փողն է, ոչ թե հայրենիքն ու անվտանգությունը. Գեղամ Մանուկյան

Սրանց ուշքն ու միտքը փողն է, ոչ թե հայրենիքն ու անվտանգությունը. Գեղամ Մանուկյան

Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի ամբողջ աշխատանքի ընթացքում բացակայել է և թանկարժեք ճամփոխդությունների գնացել, դրա համար էլ տեղյակ չէ, թե ընդդիմադիր պատգամավորներն ինչպես են օգտագործում միջազգային հարթակները: Այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին, թե ընդդիմությունը միջազգային այցերի և հանդիպումներին գրեթե չի մասնակցում։

«Ալեն Սիմոնյանը կարող է քարտուղարությանը հանձնարարել, և պարզ կդառնա, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել, այդ թվում՝ խորհրդարանական տարբեր հանձնաժողովներում հայկական շահը, Արցախի, հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Ոչ միայն դա, այլ նաև Դաշնակցության Հայ դատի գրասենյակները, հանձնախմբերը ողջ աշխահով լայնածավալ աշխատանքներ են իրականացնում»,- ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, թե ընդդիմադիրների այցն Արցախ կարող է վտանգավոր լինել, և այդ այցի համար կարող է աշխատավարձից պահումներ լինեն:

«Ալենսիմոնյանները, որ մի երեք տարի առաջ հպարտանում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է, բայց հիմա չեն համարձակվում Արցախ ոտք դնել, ենթադրում եմ, որ կարող են արժանանալ Ալիևի զայրույթին, որը շարունակում է ամենավերջին բառերով այս իշխանություններին ծաղրել և որևէ արձագանք չի ստանում: Իրենք պետք է լռեն և ձայն չհանեն: Իրենց համար կիրթ Ալիևի հետ գործունեության հետևանքով էր, որ հայ ժողովրդին և Արցախին բերեցին այսպիսի դժբախտ իրավիճակի: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձին՝ իրենց ոճն է, ամբողջ ուշքն ու միտքը աշխատավարձն է, դրա համար էլ տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ մսխել են պարգևավճարների վրա ու նույն տրամաբանությամբ  շարունակելու են աշխատել: Սրանց ուշքն ու միտքը փողն է, ոչ թե հայրենիքը և անվտանգային հարցերը: Հակառակ դեպքում՝ թանկարժեք ծառայողական մեքենա և թիկնազորի համար մեքենա գնելու փոխարեն այդ գումարները կուղղեին երկրի անվտանգային և պաշտպանողական համակարգի ամրապնդմանը»,- ասաց պատգամավորը։