Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին, որոնք հանդես են եկել հայտարարությունով եւ կոչ արել վարչապետին` հրաժարական տալ:
Վանեցյանի կոչում ասվում է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգարժա՛ն պահեստազորայիններ եւ վետերաններ,
Շնորհակալ եմ այս օրհասական պահին մեր Հայրենիքի ապագայի հետ կապված ձեր մտահոգության ու հնչեցրած հստակ գնահատականների համար։
Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ Մեզ համար շատ կարեւոր եւ խորհրդանշական այս տոնը, ցավոք, չենք կարող նշել նախկինի պես: Այս տարին տարբերվում է նախորդ բոլոր տարիներից։ Վտանգված է մեր պետության եւ ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ եւ դեռեւս չլուծված անվտանգային խնդիրներ:
Որպես ազգային անվտանգության համակարգում երկար տարիների ծառայող՝ առաջարկում եմ ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներին, պահեստազորի սպաներին, ենթասպաներին, շարքային կազմին եւ սիրելի վետերաններին՝ այս տարի Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ին, այցելենք Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին։ Վստահ եմ՝ հենց Եռաբլուրն է այն վայրը, որտեղ մենք պետք է լինենք մեզ համար կարեւոր այդ օրը:
Հրավիրում եմ եւ հուսով եմ՝ մեզ կմիանան նաեւ Ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների եւ զինված ուժերի մեր հարգարժան գործընկերները:
Սպասում եմ բոլորիդ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Եռաբլուրում»: