կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 12:08
Հասարակություն

Շուռնուխի գյուղապետը կոչ է անում զենքով ներկայանալ՝ գյուղը ադրբեջանաթուրքական զավթիչներից պաշտպանելու համար

Շուռնուխի գյուղապետը կոչ է անում զենքով ներկայանալ՝ գյուղը ադրբեջանաթուրքական զավթիչներից պաշտպանելու համար

Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձում նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից և իրենք մնացել են ինքնապաշտպանական ջոկատների հույսին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա կոչ է անում կամավորներին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանաթուրքական զավթիչներից պաշտպանելու համար:

«1990-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, բոլորիդ կոչ եմ անում զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի»,-ասում է նա:

Նրանց համար պարզ է դարձել, որ իշխանությունները խաբել են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե իբր կողմերը պիտի մնան իրենց կանգնած տեղերում, սուտ է, որովհետև հայկական զորքը հետ է քաշվում։

«Սա վերջն ա»,-հայտարարում է Շուռնուխի գյուղապետը։

Արշակյանի խոսքով՝ նոր վերադասավորումների հետևանքով իր հողամասի մոտ ադրբեջանցիներ են կանգնելու։

«Շուռնուխը անտառածածկ տեղ ա, ով գիտի՝ ինչ կարա լինի, էլ դիվերսիա, էլ ուրիշ բան։ Իրավունք չունեմ պահանջեմ՝ խնդրում եմ, ով զենք ունի, էդ զենքը տանը մի պահեք, եկեք ու տեղին օգտագործեք, էս հողին տեր եղեք», - ասում է Արշակյանը։

Նշենք, որ այսօր՝ մինչև ժամը 17։00-ն Սյունիքի սահմաններից հայ զինծառայողները պետք է հետ տանեն դիրքերը՝ ադրբեջանցիներին զիջելով զգալի տարածքներ և վտանգի տակ դնելով հայկական գյուղերն ու Կապան քաղաքը։