կարևոր
4072 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-12 17:51
Հասարակություն

Այն , ինչ անում և ասում էին ՔՊ-ական միջավայրում, դատարանում չեն կարողանում և հրաժարվում են ներկայանալ․ Անի Գևորգյան

Նիկոլ Փաշինյանի ասուլիսներից մեկի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանին ու Հռիփսիմե Ջեբեջյանին սուր հարցեր տալու համար սոցիալական ցանցերում պիտակավորեցին, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցրեցին։ Լրագրողները դիմել են դատարան հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրող Անի Գևորգյանն ասաց․ «Հռիփսիմեի վճիռները նախադեպային են, որովհետեւ չի եղել, որ մեկնաբանության համար դիմեն դատարան, վիրավորանքի համար դիմեն դատարան, այստեղ մենք գործ ունենք քաղաքացիների և աջակիցների հետ, ոչ թե հանրային դեմքի հետ…Մեզանից տևական ժամանակ է պահանջվել, որպեսզի կարողանանք նույնականացնել, թե ովքեր են, իրական օգտատերեր են, թե ֆեյքեր»։

«Մեզ վիրավորողներն այն, ինչ ասում էին ՔՊ-ական շրջապատում, այն, ինչ անում էին  սոցիալական ցանցերում, չեն կարողանում անել դատարանում։ Տարբեր պատճառաբանություններով նրանք դատական նիստերին չեն մասնակցել»,- հայտարարեց  Անի Գևորգյանը։

Նա մոնիտորինգ է իրականացրել ու նկատել, որ իրենց ներկայացրած քաղհայցերի վերաբերյալ գրառումները, իրենց հասցեին մեկնաբանություններն իշխանության աջակիցները սկսել են ջնջել։

«Եթե կարող ենք ասել, որ քաղգործերով ունենք բարվոք վիճակ, ապա քրեական գործերով պատկերը շատ վատ է։ Օրինակ, քրեական գործերից մեկով ես տուժող եմ, իմ նկատմամբ եղել է ֆիզիկական ներգործություն, բայց որևէ մեղադրանք չկա։ Ես առանձին հանդիպում եմ ունեցել ՆԳ նախարարի հետ, խնդրել եմ հայտնաբերեն այն մարդուն, որ օրը ցերեկով ուղիղ եթերում հարվածել էր ինձ ու իմ օպերատորին։ Սա էլ է տարօրինակ, շշով հարվածել են օպերատորին, օպերատորը տուժողի կարգավիճակ չունի»,-ասաց Անի Գևորգյանը։

Նա մանրամասնեց, ՔԿ-ում ասում են, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ այդ անձինք հայտնաբերված չեն, իսկ հայտնաբերողը պետք է լինի ոստիկանությունը։


 



Մանրամասն՝ տեսանյութում։