կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 16:08
Տարածաշրջան

Մենք պետք է աջակցեինք Հայաստանին ղարաբաղյան պատերազմում. իրանցի պատգամավոր

Մենք պետք է աջակցեինք Հայաստանին ղարաբաղյան պատերազմում. իրանցի պատգամավոր

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դեկտեմբերի 13-ին Իրանի խորհրդարանում Շազանդի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմադի Բիղաշը հայտարարել է. «Մեր արտգործնախարարության արձագանքը Էրդողանի խոսքերին լավ էր, բայց՝ անբավարար: Մեր մահացու անփութության, ադրբեջանախոս խորհրդարանի անդամների լռության, ղեկավարության անխոհեմության պատճառով Թուրքիայի հիվանդ նախագահը ցույց է տալիս վարք՝ ուղղված Իրանը մասնատելուն:

Էրդողանը տարածաշրջանում Արևմուտքի կեղտոտ քաղաքականության գործակալներից մեկն է. նրա ձեռքերը թաթախված են իրաքցիների, սիրիացիների, քրդերի, հայերի արյան մեջ, ինչպես իր նախնիների ձեռքերը, որոնք թաթախված են միլիոնավոր ասորիների, հույների և հայերի արյան մեջ. նա անցյալ շաբաթ պաշտոնապես հայտարարեց օսմանյան կայսեր հաջորդ թիրախի մասին:

Վերջերս նա Բաքվում անցկացված զորահանդեսում կարդաց Արաքս գետի մասին բանաստեղծություն՝ դիմելով Իրանի ադրբեջանցի ժողովրդին՝ ասելով. «Մենք ձեզնից չենք առանձնացել, մեզ հարկադրաբար են իրարից առանձնացրել»: Եվ հայտարարեց, որ Արաքսը շուտով ուժ կհավաքի։ Իրանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորնե՛ր, որտե՞ղ եք դուք: Խորհրդարանի հարգելի՛ խոսնակ, նախագահական ընտրություններով օր ու գիշեր տարված որոշ պատգամավորնե՛ր, տեղյա՞կ եք, որ անցյալ շաբաթ Բաքվում անցկացված զորահանդեսում Էրդողանը կարդաց «Արազ, Արազ» երգից մի հատված...»։

Բացի այդ, ըստ Infoteka24-ի, պատգամավորը շեշտել է, որ ժամանակն է ճիշտ հուն վերադարձնել Իրանի արտաքին քաղաքականությունը։

Իրանցի պատգամավորը նաև ընդգծել է, որ հավասարակշռություն պահպանելու համար ղարաբաղյան պատերազմում «մենք պետք է աջակցեինք Հայաստանին, մինչդեռ լսել ենք Գերագույն առաջնորդին, որը հայտարարել էր, որ բռնազավթված տարածքները պետք է ազատագրվեն»։

Իր խոսքում Բիղաշը նաև շեշտել է, որ Հարավային Կովկասը դարձել է Իսրայելի հակաիրանական գործողությունների հարթակ Էրդողանի քայլերի պատճառով, ուստի Թուրքիան ոչ պակաս դեր ունի Իսրայելի հետ համատեղ իրանական միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար։