կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-21 11:39
Արցախ

Վիտալի Բալասանյան. Ղարաբաղյան պատերազմում չեչեններին տված դասը

Վիտալի Բալասանյան. Ղարաբաղյան պատերազմում չեչեններին տված դասը

Մինչ 1993 թվականին Աղդամի ազատագրումը տարբեր ճակատներում, մանավանդ Աղդամի ուղղությամբ, հայերի դեմ կռվում էին ոչ քիչ վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից, Չեչնիայից և այլ վայրերից: Ժամանակին մենք ունեինք բավականին ռազմագերիներ, դիակներ և փաստաթղթեր, որոնք ներկայացրեցինք միջազգային հանրությանը, ապացուցելով, որ վարձկանները մարտական գործողությունների մասնակցել են ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև հետո:

 

Դրանից անմասն չէին նաև չեչեն ահաբեկիչների խմբավորումները՝ Շամիլ Բասաևի գլխավորությամբ: Աղդամի կրակակետերը մեր կողմից ոչնչացվելուց հետո նրանք կենտրոնացան Բաշ-Կարբենդ գյուղի դպրոցում և հարձակողական ու ահաբեկչական գործողություններ էին կատարում մեր դեմ: Ռազմաճակատի այդ հատվածում գործում էր Ասկերանի գունդը, որի հրամանատարը ես էի:

 

Մեր տեղեկություններով, Բասաևի խմբավորման անդամները ժամանակ առ ժամանակ փոխվում էին: Այդպիսով նրանք հնարավորություն էին ստանում առավելագույն թվով մարտիկներ պատրաստել իրական պատերազմի պայմաններում: Չեչենները մեր տարածաշրջանում հայտնվել էին կրոնական դրդապատճառներով, նրանք եկել էին սրբազան պատերազմի՝ Ջիհադի, որպեսզի սատարեն ադրբեջանցիներին:

 

Չեչենները լավ կազմակերպված, մարտունակ, ուժեղ ոգի ունեցող ռազմիկներ էին և համեմատության եզր անգամ չունեին ադրբեջանցիների հետ: Մենք ռադիոկապով բազմիցս հաղորդակցվել ենք նրանց հետ, բացատրել, որ սա իրենց կռիվը չէ, որ մեր միջև խնդիրներ չկան, այստեղ խաղի այլ կանոններ են, համոզում էինք հեռանալ Արցախից: Սակայն մեր բանակցությունները անարդյունք էին: Մնում էր բացատրել ուժով:

 

Չեչենների վերջին մարտը մեր դեմ տեղի ունեցավ 1993 թվականի աշնանը: Բասաևի խմբավորումը խոշոր կորուստներ կրեց, քանի որ ադրբեջանցիները լքել էին Բաշ-Կարբենդի մատույցների դիրքերը: Մենք գյուղն ազատագրեցինք գեղեցիկ հակահարձակմամբ: Ելնելով ռազմավարական նկատառումներից և նկատի ունենալով, որ պատերազմը դեռ չի ավարտվել, չենք տարածում Բասաևի խմբավորման ջախջախման գործողության մանրամասները, սակայն այդ ամենը ներկայում հանդիսանում է մեր զինվորների ուսուցման ծրագրերի մաս:

 

Չեչենները բազմաթիվ զոհեր տվեցին, և մենք նրանց հնարավորություն տվեցինք տանել իրենց ընկերների դիակները: Նրանք մեկընդմիշտ հեռացան Արցախից: Չի բացառվում, որ անհատ չեչեններ հետո էլ են մասնակցել մարտական գործողությունների, սակայն դա կազմակերպված բնույթ չի կրել:

 

Շամիլ Բասաևը մի քանի անգամ արտահայտվել է ղարաբաղյան պատերազմի իր փորձառության մասին: Հետագայում նրանք կռվել են Աբխազիայում, Վրաստանի դեմ: Եվ երբ չեչենները Աբխազիայի հայկական գումարտակի հետ հաջողության հասան, գործողությունից հետո ընթրիք կազմակերպվեց: Հայերը հրավիրեցին նաև Բասաևին իր մարտիկների հետ, սակայն նրանք հրաժարվեցին, հրաժարումը բացատրելով նրանով, որ Ղարաբաղում իրենք կռվել են հայերի դեմ, ուստի չեն կարող նրանց հետ սեղան նստել:

 

Արժանապատիվ և խիզախ, զենքի եղբայրության գինն իմացող մարդիկ էին այն չեչենները, որոնց ես հանդիպել եմ մարտում: Մեր ժողովուրդների ներկայացուցիչներն իրար հետ ապրել են դարեր շարունակ, Չեչնիայում մինչև օրս էլ հայեր են ապրում: Ցավում եմ, որ չեչենական որոշ խմբավորումներ մասնակցել են Ղարաբաղի պատերազմին: Մեր ժողովուրդները ունակ են վերացնելու այդ վրիպումը: Միևնույն ժամանակ, այս օրինակը դաս պիտի լինի նրանց, ովքեր Արցախ են գալիս թշնամական նպատակներով: Այսօր էլ մենք ունենք անգերազանցելի ուսուցիչներ, ովքեր կարող են արժանի դաս տալ նրանց:

 

Վիտալի Բալասանյան

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս