կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-13 18:53
Քաղաքական

Կիմը գնաց իր բաժին կռիվը տալու… Հերոսի մահից 40 օր անց

Պատերազմի բոթը լսելուց հետո ցասումն այնքան մեծ էր, որ անմիջապես կամավորագրվեց՝ ամբողջապես հասկանալով՝ ուր է գնում: «Բախտը մեկն է զինվորի՝ կա´մ մահ, կա´մ ազատություն». այս գիտակցումով գնաց պատերազմ: Չվախեցավ, պայքարեց, կռվեց հանուն մեզ, հանուն իր ժողովրդի…

Կիմ Խաչատրյանի շիրիմին դարձյալ թարմ ծաղիկներ են: Հերոսի մահից 40 օր անց այստեղ են նրա հարազատները, մարտական ընկերները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները, դաշնակակցական գործիչներ: Գլխիկոր են բոլորը, ցավը մեծ է: Կիմի հայրը՝ Սիմոն Խաչատրյանը, որդու՝ իրեն ուղղված վերջին խոսքերն է հիշում՝ ցածրաձայն, լացը կոկորդում սեղմած. «Ռամագիտության ուսուցիչ եմ: Ուսուցչի օրվա առիթով Երեւանից շնորհավորեց՝ գրելով. «Իմ կյանքին  սթափ նայելու եւ հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ՝ քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ երեւանյան փողոցներում»: Վերջին գրառումը սա եղավ»: Մեծ ողբերգություն ապրեց, երբ դաշնակցության կամավորականների առաջին վաշտը մեկնեց ռազմաճակատ. իրեն այդ անգամ չտարան: «Երրորդ կամավորական խմբի հետ, որ պետք է գնար, զանգեց, թե. «Հայրիկ, ես արդեն մեկնելու եմ, ես հպարտ եմ, որ մեկնելու եմ»: Բացի ոգեւորիչ կոչերից, այլես ոչ մի խոսք չասացի: Նա գիտակցված մեկնեց ռազմաճակատ»,- պատմում է հերոսի հայրն ու շեշտում՝ հպարտ է, որ դարերից ձգվող հայ-թուրքական հակամարտության մեջ որդին տվեց իր բաժին կռիվը:

«Քանի դեռ հայ դատը շարունակվում է, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր բաժին կռիվը տա: Կիմն էլ գնաց իր բաժին կռիվը տալու: Տվեց, նահատակվեց, եւ ես համարում եմ, որ մեր պայքարը ավարտված չէ: Մեր պայքարը դեռ առջեւում է»,-ասաց հերոսի հայրը:

Չափազանց ազնիվ էր, ժպտադեմ, առաջավոր՝ ամեն ինչում: Սիրված էր ամենուր, ինքն էլ բոլորին էր սիրում: Երեխա ժամանակվանից էլ աչքի էր ընկում կարգապահությամբ, ամեն ինչում կարգապահ էր: Այսպես է Կիմին հիշում հորեղբայրը՝ Սամվել Խաչատրյանը: Մեր հերոսը ապագա բժիշկ պիտի դառնար: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր բժշկական համալսարան, սովորում էր վերջին կուրսում: Պարտադիր զինվորական ծառայությունից հետո շարունակեց իր ուսումը:

«Կիմն ուներ չափազանց մեծ հայրենասիրութուն, շատ էր սիրում իր հայրենիքը, բոլորը կվկայեն: 25 տարի ապրեց, բայց շատ բան հասցրեց անել: Որքան բան դեռ պիտի աներ, ամբողջ կյանքը դեռ առջեւում էր»,- ցավով նշում է հորեղբայրն ու կրկնում՝ փառք, փառք քեզ Կիմ ջան, հազար ափսոս: «Կիմի հայրենասիրական մղումները դեռ դպրոցական տարիներից բոլորիս համար պարզ էր»,- վերջինիս խոսքը շարունակում է Արենիի միջնակարգ դպրոցում Կիմին դասավանդած պատմության ուսուցիչը՝ Ժիրայր Եղյանը: Նույնը կրկնում են հերոսին անձնապես ճանաչած ներկաները: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին նախագահ Հրաչ Թադեւոսյանը հիշում է՝ սովորելուն զուգահեռ Կիմը նաեւ աշխատում էր ՀՅԴ գերագույն մարմնի գրասենյակում. «Երբ ուշ երեկոներին էի դուրս գալիս, կարդում էր: Հենց այնպես չէր կարդում, հենց այնպես կարդացողներից չէր»: Պատերազմ մեկնելիս Թադեւոսյանը նաեւ Կիմի հետ նույն ավտոբուսում է եղել: Հիշում է՝ աչքերում թախիծ կար, լուռ էր: «Միայն մի քանի բառ ենք փոխանակել, նստած էինք տարբեր տեղերում: Կիմը լուռ էր: Մթնշաղ էր, առեղծվածային մթնոլորտ: Ուրախություն,աժիոտաժ չկար, տխուր էր. պատերազմում արդեն 20-ից ավել զոհեր ունեինք»,-պատմում է Թադեւոսյանը:

Կիմ Խաչատրյանը նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատի հրամանատարն էր:

Օրը խորհրդանշական էր. հերոսի շիրիմին տեղի ունեցավ երդմնակալության արարողություն: Կնքահոր պատիվը վերապահվեց Կիմի հորը՝ Սիմոն Խաչատրյանին: Մի խումբ երիտասարդներ՝ երդվելով ՀՅԴ  դրոշի, Ծրագրի, Կանոնագրի և զենքի վրա, համալրեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շարքերը: Ուշագրավ է, որ երիտասարդները կուսակցության շարքերն անցնելիս երդվեցին Կիմի՝ մարտական հենակետ անցած դրոշի եւ սվին դանակի վրա:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ, Կիմ Խաչատրյանի մարտական ընկեր Տարոն Ղազարյանի խոսքով՝ Կիմը մեծ հայրենասեր էր, կուսակցական նվիրյալ, եւ հաճախ էր իր հետ շրջում ՀՅԴ դրոշը: Ներկայացնելով երդման արարողության խորհուրդը՝ Ղազարյանը շեշտում է՝  այս արարողությունը բարոյական նկարագրի ուղեկից է դաշնակցականի համար: Դաշնակցության շարքերն անցնելիս բոլորը պարտադիր, ավանդույթի ուժով, երդվում են՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

«Մենք չենք շեղվում մեր ավանդույթներից: Դաշնակցականի սուրբ երդումը կուսակցության շարքերն անցածներին ստիպում է առաջնահերթ մտածել հայրենիքի, ազատ, անկախ, միացյալ Հայաստանի եւ այն ազգային երազանքների մասին, որ դարեր շարունակ մենք ունեցել ենք»,-նշեց Ղազարյանը:

Դիմելով երիտասարդներին՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն ասաց. «Մենք մեր պարտքն ունենք, մեր ընկած ընկերների, Կիմի առաջ: Չհանձնվելու, չկոտրվելու, նրա ընտրած ճանապարհը, որի համար տվեց իր կյանքը, շարունակելու եւ այդ ճանապարհին Կիմի դրոշը, որ տարել էր իր հետ մարտադաշտ՝ այդ ճանապարհի ավարտման կետում հաղթական ծածանելու: Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ընկերներ, Կիմի ընկերներ, հարազատներ, մենք կրկին անգամ մեր խոնարհումի եւ մեր պարտքի հետեւից եկել ենք մեր ընկերոջ՝ Կիմի շիրիմին՝ խոստանալու՝ մենք քո գործը շարունակելու ենք, ինչպես դու էիր ասում՝ «Բախտը մեկն է զինվորի՝ կա´մ մահ, կա´մ ազատություն»:

Երդմնակալության արարողությունն ավարտվեց հայրենասիրական երգերով, այն երգերով, որ մշտապես սիրում էր լսել եւ կատարել Կիմ Խաչատրյանը:

Լիանա Սարգսյան