Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այլեւս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից անցել է չորս օր: Եվ, չնայած դրան, լայն հասարակությունն առ այսօր դեռևս չգիտի, որն էր 6-ամյա պաշտոնավարումից հետո հանրապետության` սահմանադրորեն երրորդ դեմքի` վարչապետի հրաժարական տալու բուն պատճառը: Պաշտոնապես այդ հրաժարականն առհասարակ չպատճառաբանվեց: Ինքը` վարչապետը, ֆեյսբուքյան գրառման մակարդակով դա բացատրեց նրանով, թե որոշումը, որը կայացրել էր դեռևս այս տարվա փետրվարին, «հասունացած էր և խորը գիտակցված»:
Թե ինչո՞ւ հրաժարական տալու անհրաժեշությունը հատկապես այդ պահին հասունացավ, արդյո՞ք դա ֆիզիկական ու հոգեբանական հոգնածության, ձախողման, այլ, ավելի լավ աշխատանքային առաջարկ ստանալու հետևանք էր, թե՞ կային ներքաղաքական կամ գուցե նաեւ աշխարհաքաղաքական ուրիշ դրդապատճառներ: Ոչ մի բառ, ոչ մի ակնարկ վարչապետը չարեց: Կառավարությունում անգամ չէին բարեհաճել պաշտոնական կայքում Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը հրապարակել:
Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած ուրբաթ Կենտրոնական բանկ կատարած այցի ժամանակ ընդամենը նշեց, որ վարչապետի հրաժարականը ոչ թե պարտադրանքի հետևանք էր, այլ իսկապես հրաժարական, և որ դա պայմանավորված չէր ինչ-որ քաղաքական ուժերի կողմից գործադրվող ճնշումներով: Նախագահը, փաստորեն, նախընտրեց խոսել ոչ թե Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառների, այլ միայն դրա որակումների մասին, ինչի ողջ նպատակը այդ հրաժարականի ներքո իշխանության թուլությունը, զիջման գնալու հակվածությունը տեսնելու հնարավորության չեզոքացումն էր:
Հանրությանը նման առանցքային, ըստ էության, պետական նշանակության որոշումների կապակցությամբ որևէ բացատրություն չտալը հայաստանյան պետական կառավարման և կադրային քաղաքականության մշակութային տիպիկ առանձնահատկություններից է: Դրա փիլիսոփայական հենքը բուն հանրային կարծիքի վրա թքած ունենալու իրողությունն է: Եթե այդ կարծիքը հաշվի չի առնվում նշանակումները կատարելիս, այս կամ այն առանցքային պոստերում կադրեր առաջադրելիս, ո՞վ է ասել, որ պետք է հաշվի առնվեր հրաժարականներն ընդունելիս:
Բայց այս դեպքում հիմնական պատճառը վարչապետի պաշտոնին ոչ թե պատական, այլ բացառապես կուսակցական կամ, ավելի ճիշտ, նեղ խմբային նշանակություն տալն է: Այդ պատճառով է վարչապետի հրաժարականի մասին հայտարարվում ոչ թե պետական ինստիտուտների մակարդակով, այլ ընդամենը` ՀՀԿ խոսնակի, և ոչ թե քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում, այլ ընդամենը` ՀՀԿ-ի գործկոմի հերթական նիստի: Բոլոր առանցքային պաշտոններում, առաջին հերթին, որքան էլ ողբերգական հնչի, ԱԺ նախագահի և վարչապետի, բոլոր առաջադրումների և դրանցից հրաժարականների հարցը որոշվում է տնավարի` ընտանիքի հայրը որոշում է, մյուսներն, ընդամենը գլուխները տմբտմբացնելով ու զարմանքից աչքերը չռելով, միայն համաձայնում են:
Տիգրան Սարգսյանի նման փառահեղ հրաժեշտի կազմակերպումը, երբ որեւէ բանի համար պատասխանատվություն չկրեց, ուղղակի ակնարկ է, որ թիմը նրան չի ընդունում որպես ձախողված վարչապետի, որովհետև հակառակը կնշանակեր խոստովանել, որ ձախողված են եղել ընդհանապես անցած վեց տարիները: Եթե կուսակցականության, «ախպերականության» տեսանկյունից սա օրինաչափ մոտեցում է, ապա պետության և պետական կառավարման տեսանկյունից` ուղղակի ողբերգություն: Որովհետև նման ընկալման պարտադրման դեպքում առհասարակ չեզոքացվում է պետական նման առանցքային պաշտոններ զբաղեցնողների և նրանց սատարող թիմի քաղաքական ու իրավական պատասխանատվության գործոնը:
Պատահական չէ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հնարավոր պատճառների թվում անցած տարիների ձախողումը հիշատակվում է ամենավերջինը, կարծես դա մի այնքան անկարևոր ու անլուրջ բան է, որ կարելի է նույնիսկ անտեսել: Ոչ ոք ու առաջին հերթին իշխանությունը չի ցանկանում հիշել դեռևս մեկ տարի առաջ Տիգրան Սարգսյանի կառավարությանը նախագահի տված հանձնարարականը` 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու պարտադիր պայմանի և այն փաստացի ձախողելու մասին: Իշխանությունը միտումնավոր մոռացության է տալիս նախագահի` ընդամենը երեք ամիս առաջ արած հայտարարությունն այն մասին, որ մինչև ապրիլ կառավարությունը պետք է կոնկրետ հաշվետվություն տար այդ հանձնարարականը կատարելու մասով, և որ նման հաշվետվություն գործադիրն այդպես էլ չներկայացրեց:
Նման ամնեզիան ոչ միայն օգնում է մոռացության տալ թիմի համար գործնականում ամեն վտանգավորն ու բացասականը, այլև դրանց համար պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունը: Ստացվում է, որ կարելի է, ասենք, գալ, թաթախվել օֆշորային սկանդալներում, «Նաիրիտ»-ի կոռուպցիոն գործարքներում, տարիներ շարունակ ձախողել կառավարության ծրագիրը, դրանով նախատեսված խոշորամասշտաբ նախագծերի իրականացումը և ոչ միայն հանգիստ հեռանալ, այլև հեռանալ պատվով, հաղթականորեն, թիմակիցների ուսերին գրեթե բազմած: Կամա, թե ակամա, հենց այս ուղերձն է թիմակիցներին ու հասարակությանը հիմա հղում իշխանությունը: Ի՞նչ փույթ, թե մարդիկ տարակուսած իրար են հարցնում` իսկ այս անհուսալի թվացող վիճակի համար ո՞վ է, ի վերջո, պատասխան տալու:
Գևորգ Աղաբաբյան