| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 2344 դիտում,
        
            2344 դիտում,  6 ժամ առաջ - 2025-10-31 11:06
            6 ժամ առաջ - 2025-10-31 11:06  
         
                
            Կարծիք կա, որ ժամանակը բուժում է վերքերը։ Միգուցե։ Հայրենիքի համար նահատակվածների դեպքում այդ սպեղանին պետք է լիներ ծաղկող Արցախը․ ապրող հայրենիք, որտեղ պետք է լսվեին նորածին մանկան ճիչեր , վարպետի մուրճի զրնգոց ու շինականի խոփի ճռնչյուն։ Չկան դրանք։ Արցախի դարպասները ներսից բացվել են ու երկիր են խուժել թաթարական գիշատիչ ցեղերը։
Ու վերքերը ոչ թե սպիացել են ժամանակի մեջ, այլ արնահոսում են անդադար․․․
Հոկտեմբերի 31-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Կիմ Խաչատրյանի, ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեության համակիր ընկեր Մայիս Նազարյանի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Արտակ Իշխանյանի հիշատակի օրն է։
44-օրյա դավադիր պատերազմի ավարտին քիչ էր մնացել, երբ Կիմն ու Մայիսն ընկան Արցախի հյուսիսային սահմաններում՝ ՀՅԴ կամավորական 3-րդ վաշտի կազմում մարտական հերթապահություն իրականացնելիս, իսկ Արտակը՝ Մարտունի քաղաքի մոտակայքում, անօդաչուի հարվածից։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, Գերագույն մարմնի, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն ու մարտական ընկերներն այսօր ճանապարհ ընկան դեպի Վայոց ձորի մարզ՝ ուխտավայր դարձած Կիմի շիրիմին, Կիմենց տանը նրա հոր՝ Սիմոն Խաչատրյանի հետ վերստին բաժակ բարձրացնելու Կիմի հիշատակի, Արցախի հառնումի ու վաղվա հաղթանակների համար։
ՀՅԴ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, Արցախյան երեք պատերազմների մասնակից Ներսես Տեր-Պետրոսյանը սիրելի կամավորականների շիրիմներին հերթով և լուռ այցելողների շարքում է. հարցազրույցներ, ինչպես միշտ, չի տալիս՝ լուռ է: Այսօր մեկնելուց առաջ մի երկտող է թողել սոցցանցի իր էջում՝ հրապարակելով ընկերների՝ հիշողություն դարձած մի խմբանկար․ «Ծննդյան և մահվան, պարտության և հաղթանակի, նահանջի և հարձակման սահմանագծին։ Դա միայն սահմանագիծ չէ, դա մեր ապրելու և առաջ գնալու մեկնակետն է։ Մեր շարքերից ուժեղ տղաները պակասում էն, բայց շարքերը չեն նոսրանում, նոր տղաները համալրում են, և ԱՆՄԱՀՆԵՐԻ ԶՈՐԱԳՈՒՆԴՆ Արևի տակ պահպանում է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ ․․․․Հավերժ փառք Կիմին , Մայիսն, Արտակին և հայրենիքի համար նահատակված մեր բոլոր ընկերներին»։
Լուսանկար ու երկտող, որոնց մեջ անթեղված հիշողությունները, վերհիշումները, շարժապատկերի պես անցնող չհանձնված դիրքերն ու հանձնված Արցախը, ընկած ընկերներն ու նրանց առջև ունեցած մեծ պարտքի զգացումը ստիպում են ատամները սեղմած, լուռ նախապատրաստվել․․․
Իսկ օրվա «խոսող» լռության մեջ կրկին հառնում են Կիմը… Մայիսը…Արտակը․․․ Արցախը…

Վ․ Սարգսյան