կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 18:37
Հասարակություն

ՀՅԴ կամավորական ջոկատներից մեկը Սրաշենում է եւ նվիրումով է կատարում իր առաքելությունը. հարգանք ջոկատի բոլոր մարտիկներին

ՀՅԴ կամավորական ջոկատներից մեկը Սրաշենում է եւ նվիրումով է կատարում իր առաքելությունը. հարգանք ջոկատի բոլոր մարտիկներին

Սահմանամերձ գյուղերում այս օրերին կարելի է տեսնել դիրքապահ մարտիկների, ընդ որում` ե՛ւ տեղացի, ե՛ւ հանրապետության ու սփյուռքի տարբեր վայրերից եկած։ 

Պարսկաստանում ծնված եւ 30 տարի առաջ հայրենիքում հաստատված, մասնագիտությամբ շինարար Արիս Սաֆարյանը ՀՅԴ ջոկատի կազմում Սրաշենի սահմանները պաշտպանող մարտիկների թվում է, ում հետ զրույց ունեցանք։

- Երբվանի՞ց է ձեր ջոկատն այստեղ` Սրաշեն սահմանապահ գյուղում։

- Մի քառասուն օր կլինի, ինչ այստեղ է, ես մի քիչ ավելի ուշ եմ միացել ջոկատին։ Ջոկատը բավականին համալրվում է, այնպես որ` դիրքապահների քանակական առումով որեւէ խնդիր չունենք։ Բոլորն էլ սրտի թելադրանքով են պաշտպանում Սյունիքի այս հատվածը։

- Հավանաբար համագործակցում եք տեղացի կամավորների ու տեղական իշխանությունների հետ։

- Ոչ միայն, համագործակցում ենք բոլոր ռազմական միավորների հետ։ Բավականին մեծ է Կապանի համայնքապետի դերն այս տարածաշրջանի պաշտպանունակությունն ամրապնդելու գործում։ Համայնքի ղեկավարը բավականին մեզ աջակցում է, կիսում է մեր մտահոգությունները, ինչը հանրապետության կառավարության մյուս անդամների կամ ներկայացուցիչների շրջանում բացակայում է։

- Որքանով հասկացանք, ջոկատի կազմում միայն հայաստանցիներ չեն։

- Ջոկատում ընդգրկված են արտերկրից կամավորներ` Կանադայից, Սիրիայից, Պարսկաստանից։ Ջոկատում կան նաեւ այս պատերազմի մասնակիցներ, ովքեր վերադառնալով կրակագծից` անմիջապես եկել, միացել են մեզ, այսինքն` ունենք ընկերներ, ովքեր երկու-երեք ամիս է` զինվորականի կյանքով են ապրում։

- Ինչպես տեսնում ենք` տեղական իշխանությունը դիրքապահների հետ կապված հարցերը լուծում է, համենայն դեպս այդպիսի տպավորություն ստացանք։

- Բոլոր-բոլոր հարցերը։ Ե՛վ սննդի, ե՛ւ գիշերակացի, ե՛ւ ուրիշ հարցերի լուծումը համայնքի ղեկավարը վերցրել է իր ուսերին եւ պատվով առաջ է տանում։

- Երկու բառով էլ ներկայացրեք ձեր հրամանատարին, ում կամավորականներն ու տեղացիները կոչում են Չեչեն Արո. նա համեստաբար հրաժարվեց հարցազրույց տալուց։

- Իմ ընկերներն ավելի երկար են նրա հետ ծառայել, նրանք ավելի ստույգ կներկայացնեն, այստեղ մենք մի ընտանիքի պես ենք, բոլորս իրար հավասար։ Հրամանատարն էլ ամեն ինչ է մեզ համար, նա մասնակցել է նաեւ  Արցախյան առաջին պատերազմին ու համարում ունեցող զինվորական է։

- Իսկ այստեղ գտնվելու ընթացքում սահմանային միջադեպ գրանցվե՞լ է` թշնամու կողմից առաջխաղացում, կրակոցներ եւ այլն։

- Հիմա այս պահին հանդարտ է, քանի որ դիրքերը բավականին առաջ ենք տարել` ճանապարհների ապահովության համար։ Եթե այստեղ էլ ցանկանան Սոթքի նման GPS-ով հարցեր լուծել, ծիծաղելի կլինի, որովհետեւ կհայաթափվեն  ենթաշրջանի գյուղերը։ Մեծապես կվտանգվեն Գորիս-Կապան, Կապան-Մեղրի (այլընտրանքային` խմբ.) ճանապարհները, Կապանում կունենանք պրոբլեմներ` կապված օդանավակայանի հետ։ Չգիտեմ, մտահոգությունները շատ են, բայց, ցավոք սրտի, չունենք համարժեքորեն մտահոգ իշխանություն։

- Մեզ հետաքրքրում է ձեր ջոկատի արձագանքը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային։

- Բնականաբար, մենք արժանի չէինք նման կապիտուլյացիայի, ինձ թվում է, երբ զենքը զինվորի ձեռքին է, նման կապիտուլյացիա չեն ստորագրում։ Անտրամաբանական է, երբ դու կռվում ես, ու քո թիկունքում ինչ-որ մեկը լուծում է մի ողջ ազգի ճակատագիրը։

- Այդ ամենից բացի` դա մի ուժգին հարված էր մեր ոգեղենությանը, մեր բարոյականությանը, մեր ներաշխարհին։ Ձեր ջոկատի ոգին ինչպիսի՞ն է։

- Տղաների ոգին բարձր է բավականին, քանի որ զենքը ցած չեն դրել։ Ես չգիտեմ` զենքը իջեցնելուց եւ տուն վերադառնալուց հետո ինչպիսին կլինի նրանց հոգեբանությունը. հավանաբար` ծանր։ Բայց քանի որ Սյունիքում ենք, ամեն ինչ չի ավարտվել, դեռ շատ բարձր է տրամադրությունը, եւ հույս ունենք, որ գոնե այս հատվածում չեն կոտրի հայ ժողովրդի ոգին, քանի որ ներկա իրավիճակում կառավարության տեսլականը չի համընկնում ժողովրդի տեսլականին։ Միակ սփոփիչը Կապանի համայնքապետն է եւ Սյունիքի ժողովուրդը, ովքեր մեզ հետ են, ամեն ինչով աջակցում են։ Ասեմ նաեւ` երբ Կապանում խանութ ես մտնում, ողջույնները, մարդկանց հարգանքը ոգեւորիչ են` ի տարբերություն մայրաքաղաքի բնակչության։ Այստեղ մարդիկ գիտակցում են, թե մենք ինչ ենք անում...

- Կուզենայի՞ք խոսք ուղղել մեր բնակչությանը։

-  Պինդ եղեք, մենք ձեր կողքին ենք ու մինչեւ վերջ ձեր կողքին կանգնած ենք լինելու։

Զրույցը` Սամվել Ալեքսանյանի եւ Վահրամ Օրբելյանի