կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 14:01
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս վերջնական գիծը՝ ներառյալ Շուշին, նախօրոք որոշված էր․ Գինոսյան

Իմ խոսքն ավելի հայամետ է, որը, ցավոք սրտի, այսօր հակառուսական պետք է հնչի՝ ըստ Yerkir.am-ի ասաց մշակութաբան, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը ԱԺ-ում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ։

«Ի սկզբանե համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված խաղ էր՝ պատերազմը չսկսված։ Եվ այս վերջնական գիծը, ներառյալ Շուշին, նախօրոք որոշված էր, և ռուսական զորքերի ներկայությունը վաղուց պլանավորված էր»,- ասաց նա։

Այս ամենը նեոսովետիզմ է և, Գինոսյանի համոզմամբ, ակնհայտորեն վտանգված է Հայաստանի անկախությունը։

«Օր առաջ պետք է մտածել՝ ինչպես այս ամենն ավելի ուրիշ ընթացքի տանել։ Եվ վստահաբար դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և վստահաբար չպետք է գան նախորդ ուժերը, որոնք, միևնույն է, բերելու են նեոսովետիզմի։ Եվ ակնհայտ է, որ որևէ մեկը ստրկամիտ մտածելակերպից դեռ դուրս չի եկել»,- ասաց Գագիկ Գինոսյանը։

Նրա համոզմամբ, շատ լուրջ վտանգ կա, որ եթե անգամ վարչապետի փոփոխություն լինի, եթե «Իմ քայլը» խմբակցությունը մեծամասնություն է, վտանգ կա, որ ցանկացած առաջադրված փոփոխություն ուղղակի կասեցվելու է։

«Իրենք վարչապետ չեն ունենա, բայց թույլ էլ չեն տա, որ Ազգային ժողովը որոշումներ կայացնի՝ երկրում ինչ-որ փոփոխություններ անելու նպատակով»,- ասաց մշակութաբանը։

Գինոսյանը նշեց, որ բանակը չի կարող լինել մարտունակ, քանի դեռ չունի ազգային գաղափարախոսություն։

Մանրամասն՝ տեսանյութում․