Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այդ քայլին գնացել է՝ չունենալով այլընտրանք, խոստովանություն է սեփական իշխանության ավարտի մասին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում։
«Չկա այլընտրանք, չկա իշխանություն։ Հայ ժողովուրդն արժանի չէ այլընտրանք չունեցող իշխանության»,-հայտարարեց նա։
Նշեց, որ իրենք միասին՝ բոլոր կարող ուժերով, կձևավորեն այնպիսի իշխանություն, որը կկայացնի ոչ թե պարտադրված, այլ այլընտրանքերի վրա հիմնված որոշումներ։
ԱԱԾ նախկին տնօրենը շեշտեց՝ այլընտրանքից զուրկ որոշման պատճառով Հայաստանն այսօր ջլատվել է թե ներքին, թե արտաքին քաղաքականության առումով։
«Աշխարհում մենք այսօր չունենք վստահություն վայելող իշխանություն, քանի որ սեփական պետությունը կապիտուլյացիայի հասցրած իշխանությունը չի կարող հարգանքի արժանանալ որևէ այլ մայրաքաղաքում։ Մեր համակարգային խնդիրն է վերականգնել պետության ներքին դիմադրողականությունը՝ դրանից բխեցնելով աշխարհում մեր արժանի տեղի ու դերի վերականգնումը»,-ասաց Վանեցյանը։
Նա նշեց, որ այսօր բոլորն են խոսում, որ պատերազմում մեր խայտառակ պարտության պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների խայտառակ վիճակն է։
«Այո, դա ճշմարտություն է, բայց դա ճշմարտության կեսն է միայն, քանի որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները աշխարհքաղաքական բոլոր կենտրոնների հետ։ Նրան լուրջ չեն ընդունել առաջին հերթին Ռուսաստանում, բայց նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում, Չինաստանում, Արաբական աշխարհում։ Նիկոլ Փաշինյանը վարել է Հայաստանն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, ինչի արդյունքում Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածել է այդ հարաբերությունների օբյեկտի»,-ասաց նա։
Վանեցյանը հիշեցրեց, որ այսօր թշնամական երկրների ղեկավարները հայտարարություններ են անում Հայաստանի տարածքով ճանապարհներ կառուցելու մասին՝ մեծահոգաբար ասելով, թե դրանից կարող ենք օգտվել նաև մենք ՝ հայաստանցիներս։ Հայաստանի ղեկավարը չի համարձակվում պատասխանել Ալիևին ու Էրդողանին։
«Ինչո՞ւ։ Գուցե Ալիևն ու Էրդողանը խոստացե՞լ են այդ ճանապարհի ասֆալտապատման տենդերը նվիրել Նիկոլ Փաշինյանին կամ նրա շրջապատին, քանի որ նրանք լավ տեղեկացված են ասֆալտի նկատմամբ նրա անհագուրդ սիրուց։ Նիկո՛լ, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես»,-նշեց Վանեցյանը։
Վանեցյանը նշեց, որ պատերազմի ընթացքում, չնայած Փաշինյանի գործողություններին, իրական դաշնակցային վերաբերմուք ցուցաբերեց միայն Ռուսաստանը, ինչը պայմանավորված էր այն մոտեցմամբ, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Հայաստանի իշխանություններն են, այլ հայ ժողովուրդը։
«Նիկոլ Փաշինյանը երախտապարտ պետք է լինի հայ ժողովրդին այն բանի համար, որ Ռուսաստանի իշխանությունը գոնե արարողակարգային մակարդակում դեռ հարաբերվում է իր հետ»,-ասաց նա։
Վանեցյանը կանխատեսեց՝ իրապես սպասվում է ծանր իրավիճակ․ մի կողմից պատերազմի աղետալի հետևանքներ, մյուս կողմից պետական համակարգի կազմաքանդման արդյունքում քայքայված տնտեսություն ու գրեթե իսպառ վերացած անվտանգային համակարգը։
«Մեր համալիր խնդիրը տնտեսության վերակառուցումն է, անվտանգային համակարգի վերականգնումը։ Բայց կարևոր է արձանագրել, որ այդ խնդիրների լուծումն օրգանապես պայմանավորված է քաղաքական լուծումներով»,-ասաց նա։
Տնտեսության զարգացման համար, ըստ նրա, անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ, մինչդեռ պատերազմի հետևանքով դրանք ոչ միայն չեն լինի, այլև գործողները որոշել են արտագաղթել։ Նրա խոսքով, խնդիրը ոչ միայն պատերազմն է, այլև գործարարի համար վստահություն չներշնչող իշխանությունը։
«Հետևաբար, քանի դեռ մենք չենք ձևավորել վստահելի իշխանություն, չենք կարող մտածել օտարերկրա ներդրումների մասին։ Պետք է հստակ գիտակցենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է չստացված եկամուտների ու կորսված հնարավորությունների։ Իշխանության մնալով՝ Նիկոլ Փաշինյանը թալանում է ՀՀ քաղաքացուն, ժողովրդին, իր գոյությամբ արգելափակում է ցանկացած նոր ներդրում, խանգարում է յուրաքանչյուրին ավելի լավ կյանք ունենալու հարցում։ Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի՝ դրանից բխեցնելով քաղաքացիական ու քաղաքական վարքագիծ։ Նիկո՛լ, դու թալանչի ես»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա համոզմամբ, այս իշխանությունների օրոք ՀՀ քաղաքացին իրեն անվտանգ չի զգում անգամ սեփական տան մեջ, քանի որ պետության չգոյությունը հանգեցրել է նրան, որ ամեն օր ադրբեջանական որևէ խմբավորում կարող է հայտնվել կամ հայտնվում է սահմանային հայկական բնակավայրում ու պահանջում հանձնել տարածքներ։
«Այդ հնարավորությունը ադրբեջանցիներին տվել է Նիկոլ Փաշինյանը, ով այս երկրի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին վերցրած։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ է օր առաջ ձևավորել իշխանություն, որը կկարողանա Հայաստանի ու Արցախի համար պահպանել այն, ինչ հնարավոր է, օր առաջ ձևավորել Ադրբեջանին «ոչ» ասող իշխանություն, քանի որ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ նա Ադրբեջանին մերժելու որևէ կամք ու համաձակություն չունի»,-հայտարարեց Վանեցյանը՝ վանկարելով՝ «Նիկո՛լ, դու հանձնող ես»։
Ավելի վաղ հաղորդել էինք վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթը հանրահավաքում։