կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 23:18
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ ողջ հայ ժողովրդի, Արցախի, Հայաստանի անունից․ Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ ողջ հայ ժողովրդի, Արցախի, Հայաստանի անունից․ Արթուր Վանեցյան

«Այս իշխանություններն ապացուցել են, որ մշտապես պայմանավորվածություններ են ձեռք բերել ժողովրդի թիկունքում, սակայն, չեմ կարծում, որ վաղը որևէ փաստաթուղթ կստորագրվի։ Մեծ է հավանականությունը, որ այդ փաստաթղթի կետերի մասին կխոսվի»,- ասել է Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ներկա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով վաղը Բրյուսելում կայանալիք Ալիև - Փաշինյան հանդիպման թեմային։

Խոսելով այսօր հրավիրված հանրահավաքի նպատակների մասին՝ Արթուր Վանեցյանը նշել է՝ բազմամարդ հավաքի նպատակը հենց այն է՝ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ ողջ հայ ժողովրդի անունից. «Այս իշխանությունները տիրապետում են բացառիկ հմտությունների՝ մանիպուլացնելու, խաբելու, տարբեր լծակներ օգտագործելով՝ սուտ տեղեկություններ տարածելու գործին, որի արդյունքում՝ ընդդիմության երկխոսությունը հասարակության հետ դժվարանում է։ Ուստի, մենք վերջին շրջանում սկսել ենք ակտիվորեն շրջել Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում, շփվել ժողովրդի հետ և բացատրել, թե ինչ է, իրականում, կատարվում»։

Արթուր Վանեցյանի արձանագրմամբ՝ այսօր իշխանությունները խոսում են Խաղաղության օրակարգի մասին, բայց իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում որևէ խոսք չի եղել նոր տարածքների հանձնման, նոր զիջումների գնալու և Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու մասին. «Արդեն երեք շաբաթ է, որ խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչներն ու լրագրողները փորձում են այս իշխանության ներկայացուցիչներից ստանալ ընդամենը մեկ հարցի պատասխան՝ կարո՞ղ են, արդյո՞ք, նրանք վստահեցնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և որևէ մեկը նրանցից որևէ կոնկրետ պատասխան չի հնչեցնում։ Մինչդեռ, հետ գնալով դեպի նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջան, նրանց կողմից ասվում էր, թե Արցախի հարցն այլևս լուծված է՝ խաղաղապահներն այնտեղ են, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերջնականորեն լուծվելու է խնդիրը, հետևաբար, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի Հանրապետության տարածքներից զիջումներ կատարելու մասին, ընդհանրապես, խոսք չկար, զոհեր և գերիներ, նույնպես, ըստ իշխանության քարոզարշավի թեզերի, չէին լինելու, իսկ իրականում եղավ այն, ինչ կա, ինչ տեղի է ունենում»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։