կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-29 12:31
Քաղաքական

Մեր մեջ ապրող ստրուկների համար հաղթանակած երկրում ապրելը բեռ էր. պատմաբան

Մեր մեջ ապրող ստրուկների համար հաղթանակած երկրում ապրելը բեռ էր. պատմաբան

Պատմաբան Տիգրան Գևորգյանը գրում է.

«Պատմություն դասավանդելիս հաճախ եմ ուսանողներին պատմել մեր պարտությունների մասին։ Բոլորդ էլ գիտեք, որ անցյալում մենք ավելի շատ պարտվել ենք, քան հաղթել, բայց ինձ համար դժվար չէր այդ ամենի մասին պատմելը, որովհետև գիտեի, թե ինչով եմ ավարտելու դասընթացը։ Դասընթացի վերջում պիտի ասեի, որ մենք վերջապես նորից հաղթել ենք, որ փակել ենք պարտությունների էջը և սկսել ենք մեր հայրենիքի ազատագրության երկար ու ծանր, բայց ամենահաճելի ու ամենանվիրական գործը։ Այսօր ես չգիտեմ, թե ինչ եմ ասելու վերջում։ Ասելու խոսքեր, իհարկե, կգտնեմ, դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ ոչ բոլորն են վատ զգում այս իրավիճակում։ Պարզվում է՝ մեր մեջ կան մարդիկ, ովքեր սիրում են ապրել զոհի կարգավիճակում։ Նրանց համար հոգեբանորեն հարմար է «բազմաչարչար հայ ժողովրդի» մաս լինելը, իսկ հաղթանակած երկրում ապրելը բեռ էր, որից ուզում էին ազատվել։ Նրանք ուզում են գնալ եվրոպաներն ու լաց լինել, ասել, որ մեզ կոտորել են, մեր եկեղեցիներն ավերել են, մեր հայրենիքը խլել են։ Հարյուրավոր տարիների ընթացքում այս պահվածքը շատերի համար բնազդի նման մի բան է դարձել։ Նրանք ոչ միայն պատրաստ են համակերպվել այդ կարգավիճակի հետ, այլև ձգտում են դրան, ձգտում են ամբողջ ուժով՝ պատրաստ լինելով խորտակել իրենց ճանապարհի բոլոր խոչընդոտները։ Այդ խոչընդոտներն են մեր անկախ պետությունը, հաղթանակած բանակը, ազգային մշակույթը, լեզուն, պատմությունը, այն ամենը, ինչ մեզ հպարտանալու առիթ է տալիս։ Նրանք պատրաստ են ոչնչացնել հպարտության բոլոր պատճառները, որպեսզի իրենց ոչինչ չխանգարի զբաղվել իրենց սիրելի գործով՝ տառապելով։
 
Հոգով ստրուկները ատում են ոչ թե իրենց շղթաները, այլ ազատությունը։ Նրանք ուզում են հավատալ, որ շղթաներն այլըտրանք չունեն, որ ազատությունը գոյություն չունի, և հանուն իրենց մոլորությունն ապացուցելու պատրաստ են բոլորին զրկել ազատությունից»։