կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-11 14:50
Քաղաքական

Միասնական կյանքը, միասին ապրելը մեր բոլորի գերագույն արժեքն է. Միշել Աուն

Միասնական կյանքը, միասին ապրելը մեր բոլորի գերագույն արժեքն է. Միշել Աուն

Ֆրանկոլիբանանյան համագործակցությունը մեծագույն հարստություն է: Այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում նշեց Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա կարևորեց մի քանի լեզուների իմացությունը՝ նշելով, որ դա հարստացնում է մարդուն:

«Ծնվելուց հետո մոր հետ առաջին կապը լեզուն է: Կյանքի ընթացքում, սովորելով նոր լեզուներ, մարդը հարստանում է և մեկից ավելի լեզու իմանալը բազմապատկման նշան է: Ես հնարավորություն ունեմ մտածել ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ, սովորել եմ իտալերեն, իսպաներեն, անգլերեն: Լեզվի ուղեգիծը հրաշալի կամուրջ է քաղաքակրթությունների միջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լիբանանի նախագահը:

Միշել Աունի խոսքով՝ Ֆրանկոֆոնիան պետք է հաստատի միասին ապրելու գերագույն արժեքը: Նա նշեց, որ Լիբանանը ներկայացնում է աշխարհի մանրակերտը, մեկ հասարակության մեջ ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ: Լիբանանը յուրահատուկ օրինակ է հանդուրժողականության տարածման գործում:

«Միասնական կյանքը, միասին ապրելը մեր բոլորի գերագույն արժեքն է: Սրան հետևում է կազմակերպություններ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնք կտարածեն հանդուրժողականությունը, խաղաղությունը: ՄԱԿ-ում նախաձեռնություն ունեցա՝ ստեղծելու երկխոսության ձևաչափեր: Կցանկանայի տեսնել դրանց լայնամասշտաբ տարածումը: Լիբանանը մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի շարժիչ ուժերից մեկն է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Բեյրութում ստեղծվելու է  Ֆանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային կենտրոն, և ես հայտնում եմ աջակցելու իմ պատրաստակամությունը»,-ասաց Լիբանանի նախագահը:

Միշել Աունն անդրադարձավ նաև մեծանուն երգիչ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Նա ընդգծեց, որ Լիբանանի բնակչությունն և անձամբ ինքը խորը վիշտ են ապրում Շառլ Ազնավուրի կորստի հետ կապված:

«Կցանկանայի հորդորել շատ մեծ ուշադրությամբ հետևել այս հրաշալի գանձին և փոխանցել այն սերունդներին»,-հավելեց Լիբանանի նախագահը: