Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեցին ռազմաճակատ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։
Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 2 զոհ, 26 վիրավոր, և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող։
Չափազանց կարևոր էին նաև ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։
Հայրենիքի պաշտպանությանն են միացել նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։ Մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել 124-ը և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։
Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվեցին 150-ը, և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։
Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած մեր բոլոր հայորդիներին:
Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցեց Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։ Կանխվում և բացահայտվում էին հանցագործություններ, պահպանվում էր հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես և ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին և այլն։
Միաժամանակ, ցավոք, ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով հնարավոր դարձան նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունները։ Վստահեցնում ենք, որ դրանց բոլոր կազմակերպիչներն ու հեղինակները հայտնաբերվելու են և ենթարկվելու են պատասխանատվության: