կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 17:50
Արցախ

Յուրի Խաչատուրովին ակնարկել են, որ ինքն անելիք չունի. 168.am

Յուրի Խաչատուրովին ակնարկել են, որ ինքն անելիք չունի. 168.am

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր դիվանագետներին և զինվորականներին՝ հորդորելով խոսել և պատմել իրականությունը:

«Հիմա՛, հե՛նց հիմա, ձեր կյանքի նվիրումը, ձեր աշխատանքը, ձեր կարիերան Նիկոլը զրոյացրեց ու ձեզ դարձրեց կապիտուլյացիայի ակտը նախապատրաստած դավաճաններ։ Զորիկ, ես քեզ գիտեմ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով: Մենք հիմա ունենք տարբեր քաղաքական հայացքներ։ Բայց ես գիտեմ՝ դու դավաճան չես։

Մի վերցրու քո և դիվանագիտական ամբողջ կորպուսի վրա դավաճանի խարանը։ Հրաժարական տուր։ Խոսիր: Պատմիր, թող ժողովուրդը իմանա: Պատմի, որ ներվես։

Հարգելի՜ սպաներ, Դուք չեք պարտվել: Նահանջը դեռ պարտություն չէ: Թշնամին չէր կարող գրավել հանձնածը: Տղերք, պատվի հարց է, խոսե՛ք։ Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին:

Պատմեք, որ Վիտալի Բալասանյանն իր ջոկատով պատրաստ էր ստանձնել Շուշիի պաշտպանությունը, բայց Նիկոլն արգելեց: Խոսեք, թե ոնց էր Նիկոլի կինը շտաբում վարչապետի անունից արգելում ներգրավել գեներալներ Օգանովսկուն և Լևոն Մնացականյանին մարտական գործողություններում, և ինչ գնով նրանք հասան այդ նպատակին»,- մասնավորապես գրել էր Միքայել Մինասյանը:

168.am–ը  թեմայի վերաբերյալ փորձեց մանրամասներ ճշտել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովից, քանի որ պատերազմի առաջին օրերից սկսած՝ մի քանի անգամ անդրադարձել էինք գեներալ-գնդապետի այդ օրերի գործունեությանը:

Մեր հարցին ի պատասխան՝ Յուրի Խաչատուրովը, սակայն, չցանկացավ փակագծեր բացել:

Այդուհանդերձ, 168.am-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում բազմիցս փորձել է մասնակցել հրամանատարական կետերի աշխատանքներին՝ առաջարկելով իր ծառայություններն ու փորձը, սակայն մերժվել է: Նրան ակնարկել են, որ ինքն անելիք չունի:

Հիշեցնենք՝ պատերազմի հենց առաջին օրը Յուրի Խաչատուրովը մեզ հետ զրույցում նշել էր, որ առավոտյան եղել է նախարարությունում, ապա գնացել Գլխավոր Զինկոմիսարիատ:

Երկու օր անց, սակայն, տեղեկացանք, որ որքան էլ զարմանալի է, բայց Գլխավոր շտաբի պետի կողմից չի եղել հանձնարարական, և Յուրի Խաչատուրովը չի մեկնել Արցախ:  Օրեր անց նա արդեն Արցախում էր, թե ինչ հանձնարարականով ու ինչպես է շարունակել մասնակցել պատերազմին՝ հայտնի չէր:

Նկատենք՝ պատերազմի օրերին սոցիալական հարթակներում լայն տարածում էր գտել Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի լուսանկարն Արցախի առաջնագծից: