կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-11 12:59
Քաղաքական

ՈՒՂԻՂ․ Ծառուկյանին տնից տարան ԱԱԾ, ՀՀԿ պատգամավորներին բերման ենթարկեցին․ Ազատության հրապարակի ցույցը ցրում են

Պարոն Ծառուկյանին տանում են ԱԱԾ, ի՞նչ են անելու՝ ամբողջ ժողովրդին կալանավորելո՞ւ են. ըստ Yerkir․am-ի՝ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ, որը փորձում էին ցրել ոստիկանները։

«Իշխանությունն իր վախերը, իր անլիարժեքության կոմպլեքսները հաղթահարելու համար հերթական անգամ գնում է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։ Բայց ի՞նչ են անելու՝ 3 միլիոն ժողովրդի կալանավորելո՞ւ են։ Բոլորն էլ հասկանում են, որ այսօր՝ Արցախի խայտառակ որոշման ստորագրումից հետո, Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է իր վրայից մեղքի սլաքներն ուղղել այլոց նկատմամբ»,- ասաց Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պատրաստ են, որ իրենց էլ կալանավորեն։ «Նիկո՛լ, անունդ արդեն գրվեց «Արցախ հանձնող», «Շուշիի բանալիները տվող», կալանավորիր սաղիս»,- ասաց նա։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ չեն վախենում։ «Ակնհայտ է՝ հող հանձնող, այս երեխեքի արյան վրա տրնգի պարողները այսօր որոշել են մեզ լռեցնել, չի ստացվի։ Սուտասաննե՛ր, խաբեբանե՛ր, ո՞վ եք դուք, արա՛։ Էս ա՞ ձեր վրեժը, գնացեք թուրքի դեմ վրեժ լուծեք, ո՞ւմ դեմ եք վրեժ լուծում, արա՛, թե՞ թուրքի վրեժը հայի դեմ լուծեցիք, արա՛»,- ասաց նա։

Զուգահեռ՝ բերման ենթարկեցին նաև ՀՀԿ նախկին մի քանի պատգամավորների՝ Էդուարդ Շարմազանովին, Միհրան Հակոբյանին, Վահրամ Բաղդասարյանին և այլոց։

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ: