Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Քաղաքական ուժերի քննարկումը շարունակվում է, դրանք բավականին դրական և միասնական մթնոլորտում են անցնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մի քանի օր է, ինչ քաղաքական ուժերը քննարկում են իրականացնում, և օրակարգում առաջնային հարցը Արցախում ստեղծված իրավիճակն է:
Նա նաև ասել է՝ երբ լինի վերջնական եզրակացություն և որոշում, այդ ժամանակ էլ կլինի հայտարարություն. «Խորհրդարանական ուժերից նաև ԲՀԿ-ն է մասնակցում: Հիշեցնեմ սեպտեմբերի 27-ին ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հայտարարությունը, որով քաղաքական ուժերը միասնական են և ընդդիմադիր բացառիկ կեցվածք են ցուցաբերել այս ամբողջ ժամանակահատվածում: Ուզում եմ նշել, որ մենք կանգնած ենք եղել պետության ու բանակի կողքին: Մեկնակետը դա է: Բայց կա իրավիճակ, ընդհանուր գնահատականներ, որի մասին քննարկումները շարունակվում են: Իրավիճակը շատ նուրբ է ու զգայուն, կան բազմաթիվ մտահոգություններ, դրանց շուրջ քննարկումներ են գնում: Կունենանք ընդհանուր հայտարարություն, այդ ժամանակ առավել մանրամասն կմեկնաբանեմ»,- նշել է Իշխան Սաղաթելյանը:
Դիտարկմանը, որ մամուլում անդրադարձել էին, թե ընդդիմադիր կուսակցությունները հայտարարության մեջ պատրաստվում են անդրադառնալ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին, Իշխան Սաղաթելյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ չունի լիազորություն խոսելու մյուս կուսակցությունների անունից:
«Այս պահին շատ կարևոր է արձանագրել, որ ներկա բոլոր կուսակցությունների թիվ մեկ մտահոգության առարկան Արցախն է, և մեր բոլոր գործողությունները միտված են լինելու ստեղծված իրավիճակից հաղթական կերպով դուրս գալու համար լուծումներ գտնելուն: Այսինքն, բոլոր այն մեկնաբանությունները, մեզ վարկաբեկման պրոցեսը, կամ թիկունքը թուլացնել փորձող մարդիկ, պարզապես չեն հասկանում թե ինչի մասին է խոսքը: Մեր բոլորի գործողությունները միտված են լինելու մեր բանակի, մեր պետության թիկունքը ամրապնդելուն, ավելի ուժեղացնելուն և հաղթանակ ապահովելուն»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
«Մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե իբր համաձայնություն չկա հարցերի շուրջ, իրականությանը չի համապատասխանում: Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները շարունակվում են». թեմային կրկին անդրադարձել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկ այլ լրատվամիջոցի՝ NEWS.am-ի հետ զրույցում։
«Շատ դրական մթնոլորտում քննարկումները շարունակվում են։ Ստեղծված իրավիճակի գնահատականի հարցում գրեթե տարաձայնություն չկա։ Պատերազմի առաջին իսկ օրից ընդդիմադիր քաղաքական ուժերը բացառիկ կեցվածք և միասնականություն են ցուցաբերել»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։
Քննարկումներին մասնակցում են ավելի վաղ համատեղ հայտարարությամբ հանդես եկած արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները։ Ըստ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցչի՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Բարգավաճ Հայաստանը» նույնպես մասնակցում է քննարկումներին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ ակտիվ շփումներ են ընթանում, նրանք քննարկվող նյութի մանրամասներին տեղյակ են։
Քաղաքական ուժերը քննարկումների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու։ Թե երբ և ինչ բովանդակությամբ կլինի այդ հայտարարությունը, Իշխան Սաղաթելյանը ժամկետներ չի նշել, պատճառաբանելով՝ ինքը լիազորված չէ բոլոր կուսակցությունների անունից խոսել։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ օրեր շարունակ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ հայտարարություն դեռ չկա, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն արձագանքել է այսպես. «Քաղաքական պրոցես է, իրավիճակն էլ շատ նուրբ ու զգայուն է։ Ինչ հայտարարություն էլ որ լինի, դրա նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է»։
Իշխան Սաղաթելյանից լրատվամիջոցը հետաքրքրվել է նաև, թե ինչ նկատի ուներ, երբ ֆեյսբուքյան գրառման մեջ նշում էր, որ «Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները ոչ միայն համարժեք չեն առաջացած մարտահրավերներին, այլ անհասկանալի են ու անբացատրելի... Հաղթանակ կերտած և հաղթող ժողովրդին այլ ճանապարհով տանելը չի ներվելու»։
«Ես ընդամենը կվերահաստատեմ իմ հայտարարությունը, դրա բացվածքը կանեմ ճիշտ ժամանակին, հիմա նպատակահարմար չեմ գտնում, կարծում եմ՝ հասկացողը հասկացել է՝ ինչի մասին է խոսքը»,- ի պատասխան ընդգծեց նա՝ հավելելով. «Մենք պատերազմի մեջ ենք, բոլորիս ուշքն ու միտքը Արցախում, Շուշիում է։ Մեր յուրաքանչյուր քայլն ու գործողությունը մեկ նպատակ ունի՝ ապահովել միասնական հաղթանակ։ Իսկ Դաշնակցության ընդհանուր կեցվածքը հայտնի է բոլորին, մեր վաշտերը շարունակում են լինել առաջնագծում, շարունակվում է նոր ջոկատների տեղափոխումը Արցախ»։