կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-04 16:11
Հասարակություն

Արենն ամեն ինչ պատվով անելու առաքելություն ուներ իր մեջ․ դասախոսները՝ հերոսացած Արեն Հովհաննիսյանի մասին

Արենն ամեն ինչ պատվով անելու առաքելություն ուներ իր մեջ․ դասախոսները՝ հերոսացած Արեն Հովհաննիսյանի մասին

Արենը հայրենասեր տղա էր, ամեն ինչ պատվով անելու առաքելություն ուներ իր մեջ, երբեմն նույնիսկ ծայրահեղ պատվախնդիր էր. Yerkir.am-ի հետ զրույցում հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված Արեն Հովհաննիսյանի մասին պատմում է Երեւանի մշակույթի պետական քոլեջի նախկին տնօրեն, դասախոս Վրեժ Կիրակոսյանը։

Արեն Հովհաննիսյանը սովորում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջի (այժմ Երևանի մշակույթի և արվեստի քոլեջ) «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսում և զորակոչվել էր ժամկետային զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչին։ Նա զորակոչվել էր՝ կիսատ թողնելով ուսումը՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո այն շարունակելու ակնկալիքով։

Ըստ քոլեջի նախկին տնօրենի՝ Արենի տեսակը չէր կարող խուսափել հայրենիքի պաշտպանությունից ու զինվորական ծառայությունից: «Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ միջին մասնագիտական հաստատություններում սովորող տղաները հնարավորություն ունեն մինչև 19 տարին լրանալը չզորակոչվելու բանակ, բայց 18-ը լրանալուն պես Արենը չօգտվեց այդ հնարավորությունից։ Նրա տեսակը չէր կարող  խուսափել հայրենիքի պաշտպանությունից ու զինվորական ծառայությունից։ Որպես տնօրեն՝ որքան էլ նրա հետ զրույց ունեցա, համոզեցի, չփոխեց որոշումը. վճռել էր՝ հայրենիքի հանդեպ իր զինվորական պարտքը կատարելուց հետո կշարունակի ուսումը։ Բայց ավաղ․․․»,- ասաց Վրեժ Կիրակոսյանն ու, բնորոշելով Արենին, մտաբերեց. «Սկզբունքային էր, երբեմն հակառակվում էր դասախոսներին, երբեմն՝ նաև ինքն իրեն»։

Արենն առանձնանում էր իր ընկերասիրությամբ, սկզբունքայնությամբ, ինչի պատճառով հաճախ էր անհամաձայնություն ունենում կուրսղեկի ու քոլեջի ուսումնական մասի հետ: «Հետաքրքիրն այն էր, որ այդ անհամաձայնությունները մեր զրույցների ընթացքում  միասին կարողանում էինք հարթել, քանի որ ես գիտեի՝ եթե Արենի հետ ինչ-որ բան պայմանավորվում էի, անբեկանելի էր։ Չափից շատ ընկերասեր էր, սիրում էր բոլորի հարցերով զբաղվել։ Ցանկացած մեկին, որ տեսներ խնդիր ունի, անխտիր կգնար, կխառնվեր ու այդ խնդրին լուծում կտար։ Կուրսի կամ ընկերների հետ ինչ-որ խնդիր առաջանալու դեպքում ասում էր՝ պարո՛ն Կիրակոսյան, թույլ տվեք  ես այդ հարցով զբաղվեմ, և իսկապես զբաղվում էր, անում էր այն, ինչ պետք էր։ Կազմակերպչական ջիղը նկատելով՝ կուրսղեկ Աննա Գևորգյանը Արենին ներկայացրեց, որպեսզի կուրսի ավագ նշանակենք»,- նշեց Վրեժ Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ Արենը ներգրավված է եղել քոլեջի միջոցառումներում և մինչ համավարակը ընդգրկված է եղել ռեժիսուրայի դասախոս Համլետ Թադևոսյանի բեմադրությամբ «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրության մեջ: «Պարոն Թադևոսյանն Արենին փոքրիկ, էպիզոդիկ դեր էր տվել։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ներկա լինելու փորձին, իսկապես բեմն իրենն էր։ Արենին պայծառ ապագա էր սպասվում, ճանապարհ ուներ անցնելու»,- պատմեց Վրեժ Կիրակոսյանը։

Մեզ հետ զրույցում նա ցավ արտահայտող ժպիտով հիշեց.. որ Արենը սիրահարված էր մի աղջկա. մի քանի անգամ կիսվել էր տնօրենի հետ․ «Շատ բծախնդիր հոգ էր տանում այդ աղջկա մասին, ուղեկցում էր նրան, երբեմն նույնիսկ լինում էին դեպքեր, որ դասը կիսատ էր թողնում ու բարձրանում 3-րդ հարկ, մինչև աղջկա դասն ավարտվի։ Մի քանի անգամ հումորով կշտամբել եմ, ասում էր՝ պարո՛ն Կիրակոսյան, բա որ հանկարծ նա դուրս գա, ու ես իրեն չտեսնեմ․․․»։

Հիշողություններից վերադառնալով՝ Վրեժ Կիրակոսյանը ցավով փաստեց, որ բոլոր զոհված զինվորների կորուստն անդառնալի է: «Կիսում եմ որդեկորույս ծնողների վիշտը, սա ողջ հայ ժողովրդի վիշտն է. յուրաքանչյուր զավակ իր ընտանիքի ճրագն է, ամեն մեկի կորուստը մեր մսից ու արյունից է պոկվում։ Պապանձվում ես, խոսքեր չես գտնում՝ սփոփելու։ Միայն կարող եմ Աստծուն ապավինել։ Գենետիկորեն մեր ազգի կամքը հզոր է, մեր ոգին անպարտելի։ Միևնույն է, թշնամին պարտություն է կրելու, իսկ մենք էլ այդ ամենի դիմաց մեր արյան գնով ենք վճարելու, քանի որ  մեզ համար հայրենիքը սուրբ է, մեր ժողովուրդը, մեր քույրերը, մեր մայրերը, մեր երեխաները պետք է ապրեն խաղաղ, երջանիկ հայրենիքում»,- վստահաբար շեշտեց Վրեժ Կիրակոսյանը։

«Իմ Արենը»,- yerkir.am-ի հետ զրույցում Արեն Հովհաննիսյան ուսանողի մասին զրույցը այսպես սկսեց կուրսղեկ, դերասանուհի Աննա Գևորգյանը, ապա, հուզմունքը կոկորդում խեղդելով, ասաց «Իմ Արենը չափից ավելի սիրում էր, երբ իրեն պատիվ էին տալիս։ Երբ գնացի Արենի հոգեհանգստին, ասացի՝ Արե՛ն ջան, դու սիրում էիր, որ քեզ պատիվ էին տալիս, հիմա ընկեր Գևորգյանը եկել է՝ քեզ պատիվ տալու․․․»։

Կուրսղեկն էլ է փաստում՝ Արենը չափից շատ ակտիվ էր, կազմակերպված ու ընկերասեր: «Զանգը տալիս էր, դասը սկսվում էր, բայց Արենը դեռ քոլեջի դռան մուտքի մոտ կանգնած էր։ Ես արդեն գիտեի, որ դուրս գամ, Արենին պետք է տեսնեմ՝ այդտեղ կանգնած։ Բայց նա այնքան տղամարդ էր՝ իր մեջ ձևավորված, որ եթե մյուսները փախչում էին, որ չտեսնեի, Արենը տղամարդավարի կանգնում էր։ Նույնիսկ, ընկերներին ասում էի՝ գոնե Արենի նման այդպես տղամարդ եղեք, մի՛ փախեք, ես ամեն ինչ տեսնում եմ։ Մի օր բարկացա, մոտեցավ ասաց՝ ընկե՛ր Գևորգյան, ի՞նչ կլինի, որ դուրս եք գալիս, մի գոռացեք ինձ վրա, աղջիկներ կան․․․ Երեք ընկեր էին կուրսում, նրանց անունը 3 հրացանակիրներ էի դրել։ Նրանցից որ մեկն ուշանում էր, սպասում էին, դասից ուշանում էին, դասախոսի թուքումուրն ուտում էին, բայց պետք է երեքով ներս մտնեին»,- ժպիտով հիշում է տիկին Աննան։

Լիլիթ Եղիազարյան