Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
COVID 19-ով պայմանավորված՝ դեռ տարեսկզբին ակնհայտ էր ունենալու ենք տնտեսական անկում և, բնականաբար, դրան հաջորդեց մեզ պարտադրված պատերազմը, որն ունենալու է տնտեսական սուր հետևանքներ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ՝ընդգծելով, որ հնարավոր չէ ասել, թե որքանով են իրատեսական տնտեսական ցուցանիշները կանխատեսումները, որ արդեն հրապարակվել են։ «Պետք է հասկանալ, թե ինչպես է զարգանում համավարակը և դրա հետևանքները տնտեսության վրա, տեսնում ենք նաև պատերազմական գործողությունների զարգացումները, այսպիսի անորոշությունների պարագայում անհնար է հստակ և ամբողջական կանխատեսումներ անել։ Այս իրավիճակը նաև կարևոր խնդիրեր է առաջացնում բոլորի ու նախևառաջ պետական կառավարման պատասխանատուների համար, մենք պետք է իրապես վերանայենք մեր տնտեսական կարգավորումներն ու քաղաքականությունները։ Հիմնական լուծումներն ու ուղենիշները պետք է արտացոլվեն 2021 թ-ի ֆինանսական հիմնական փաստաթղթում։ Կարևոր է գիտակցել, որ իներցիոն և ստանդարտ մոտեցումներով հնարավոր չէ լուծել այդ խնդիրները»։
Նրա դիտարկմամբ, մասնավորապես, պետք է գնահատվեն բոլոր ծախսային հոդվածները, շատ կարևոր է բոլոր այդ հոդվածների խորքային գնահատում իրականացնել, հատկապես նրանց, որոնք վերաբերում են համավարակի հետևանքների վերացմանն ու մեղմանը, այն ծրագրերը, որոնք ոչ նպատակահարմար են՝ դրանց շարունակումն անթույլատրելի է։ Մենք չպետք է ունենանք 1 դրամի անարդյունավետ ծախս։ Սա պետք է որպես սկզբունք ծառայի ծախսային մասի վերանայման համար։ Ինչ վերաբերում է եկամտային մասին, պետք է լիարժեք փոխվի մոդելը, համահարթ եկամտային մոդելը բացարձակ հակացուցված է այսպիսի իրավիճակում։ Մենք պետք է ունենանք լիարժեք պրոգրեսիվ հարկման սկզբունք։ Կարծում եմ հանրության մեջ ավելի բարձր եկամուտներ ունեցող , ապահով մարդիկ և քաղաքացիները պետք է հարաբերականորեն ավելի շատ իրենց ներդրումն ու մասնակցությունը բերեն այսօրվա խնդիրների լուծմանը, որոնք վերաբերվում են մեր երկրի գոյությանն ու գոյատևմանը։ Այս փոփոխությունները փաթեթով պետք է ներկայացվեն պետական բյուջեի հետ միասին»։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսական այս իրավիճակի հետ պարգևավճարների նման ֆոնդն անհամատեղելի է։ «Ես ուղղակի համոզված եմ, որ առանց երկար բարակ քննարկելու, առանց տարբեր անձնական շահադիտական նպատակադրումների՝ պետք է զերծ մնալ այս պարգևատրումների արատավոր պրակտիկայից, թե մենք ենք որոշողը, և ուղղակի պետք է փակել այդ պարգևատրումների արատավոր էջը։ Հակառակ դեպքում՝ արդեն հատում են բարոյականության սահմանը, որովհետև եթե մինչ այս, փաստ է, որ այդ գործընթացը հակաօրինական էր և որևէ կապ չուներ սոցիալական պետության օրվա իշխանությունների նպատակադրումների հետ, գոնե հիմա անխոս, պարգևատրումների պահպանումը հատում է բարոյականության սահմանը։ Առանց երկար բարակ քննարկումների պետք է փակենք այդ էջը։ 20 մլրդ դրամի արդյունավետ ծախսման տեղ հաստատ կգտնենք, դրանց տեղերը անթիվ ու անսահման են՝ հատկապես ներկայումս»։