Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը, որը նպատակ ունի բարձրացնել ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների համար վճարվող ծննդյան միանվագ նպաստը և դրամագլխի արդյունավետությունը: Գործող որոշման համաձայն` ընտանեկան դրամագլխի գումարները կարող են օգտագործվել հիփոթեքային գումարի մայր գումարը մարելու, ընտանիքի անդամի ուսման վճարը մարելու և ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:
Ըստ նախարարի` գյուղական համայնքներում մարդիկ չեն կարողանում արդյունավետ ծախսել դրամագլխի միջոցները: Ուստի որոշվել է լուծել թիրախային գյուղական բնակավայրերում բնակելի տան ձեռք բերման կամ, այդ բնակավայրերի բնակիչների համար վարկերի մայր գումարը սահմանելով, դրամագլխի օգտագործման համապատասխան ուղղություններ:
Որոշմամբ սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար դիմողի մյուս երեխաների և զավակների քանակը հաշվի առնելու պայմաններն ու կարգը: Առկա տեխնիկական հնարավորությունների պայմաններում կարելի է կրճատել ներկայացվող փաստաթղթերի կազմն ի հաշիվ հանրային ծառայությունների համարանիշի:
Համաձայն կարգի՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ մահացած երեխաները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում: Այս դեպքում խնդիր է առաջացել վերանայել կարգի համապատասխան դրույթը:
Որոշակի դժվարություններ են առաջացել, մասնավորապես` սիրիահայերի և իրաքահայերի դեպքում, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում դիմողից սերման փաստը հաստատող փաստաթղթեր ներկայացնելիս, երբ օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում հյուպատոսական վավերացման համար առաջանում են օբյեկտիվ խոչընդոտներ:
Վերը նշվածից բացի, ելնելով ծառայության կողմից նշանակվող և վճարվող` չաշխատող մայրերին վճարվող մայրության նպաստի վճարման գործընթացում ներդրված նոր լուծումները, նպատակահարմար է կատարելագործել երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման գործընթացը: Հարկ է նկատի ունենալ, որ չաշխատող մայրերին վճարվող մայրության նպաստի դեպքում ՀՀ կենտրանական բանկի և ՀՀ բանկերի միության հետ փոխհամաձայնեցվել է նպաստի անկանխիկ վճարման նոր կարգ: Մասնավորապես` բանկը կարող է շահառուի վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա շահառուի անվամբ անվճար բացել ավանդային հաշիվ և այդ hաշիվ մուտքագրել մայրության նպաստի գումարը:
Իր դյուրինությամբ նոր ընթացակարգը էապես կնպաստի անկանխիկ վճարումների տեսակարար կշիռն ավելացնելուն:
Լուծման ենթակա խնդիրներից առավել կարևորվում է ընտանեկան դրամագլխի միջոցների՝ որոշմամբ սահմանված օգտագործման նպատակներն թիրախային գյուղական բնակավայրերի բնակչության համար հասանելի դարձնելը: Այսպես` որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են տնօրինվել՝
- հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու և տոկոսագումարը վճարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է,
- ընտանիքի անդամի ուսման վարձը վճարելու համար,
- ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:
Ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունների, ինչպես նաև քաղաքացիների դիմումների վերլուծությունները ցույց են տալիս, որ գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները գործնականում չի կարողանում օգտագործել հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու և տոկոսագումարը վճարելու համար:
Առանձին դեպքերում բանկի պահանջներին չբավարարելու պատճառով գյուղական բնակավայրում գտնվող անշարժ գույքի հիպոթեք չի ձևակերպվում, սակայն ընտանեկան դրամագլխի միջոցները բավարար են տվյալ գյուղում անշարժ գույք ձեռք բերելու համար: Բացի դրանից, գյուղաբնակներին տրամադրվում են գերազանցապես գյուղատնտեսական վարկեր: Հիպոթեքով ապահոված վարկերն առավել հատուկ են քաղաքների և մեծ թվով բնակչություն ունեցող գյուղերի համար, որտեղ բնակչության եկամուտները համեմատաբար կայուն են, իսկ գրավի առարկան՝ բնակելի տունը (բնակարանը) առավել բարեկարգ է:
Անհրաժեշտություն է առաջացել լուծել թիրախային գյուղական բնակավայրում բնակելի տան ձեռք բերման կամ այդ բնակավայրերի բնակչների համար վարկի մայր գումար մարելու և տոկոսագումար վճարելու խնդիրը՝ սահմանելով ընտանեկան դրամագլխի օգտագործման համապատասխան ուղղություններ: Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում ծագած վերը նշված խնդիրները՝ առաջարկվում է.
1) սահմանել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները (հարազատ քույրերն ու եղբայրները), բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում,
2) հնարավորություն տալ երեխայի ծննդյան միանվագ նպաստն անկանխիկ եղանակով վճարելու շահառուի` տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի հիման վրա բանկում նրա անվամբ անվճար բացված ավանդային հաշվին փոխանցելու միջոցով,
3) Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունել առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ (նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ ընտանեկան գրքույկները հիմք են ընդունվում նաև անձնագրերի և վիզաների վարչության կողմից` Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիներին փաստաթղթավորելիս),
4) որպես ընտանեկան դրամագլխի միջոցները օգտագործել նաև՝
- հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ,
- ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույք (այսուհետ՝ Գույք) գնելու համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը (Գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):
Առաջարկվում է կատարել նաև խմբագրական բնույթի փոփոխություններ:
Վարչապետը հավելեց, որ սա շատ կարևոր քայլ է, և որ կառավարությունը ավելացնում է դրամագլխի ծախսերի ուղղությունները: