կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-25 20:16
Առանց Կատեգորիա

Բարոյականության և օրենքի նուրբ սահմանը

Բարոյականության և օրենքի նուրբ սահմանը

Պարգևավճարների շուրջ այս օրերին ծավալվող և մերկապար հիշեցնող բացահայտումների  համատեքստում հիշեցի չին փիլիսոփա Լաո Ցզիի (մ.թ.ա. 5-րդ դար) հետևյալ միտքը. «Երբ կորցնում ես բարոյականությունը, մնում է օրենքը»։

Այո, օրենքը միշտ է մնում. նա է պետություն կառուցելու  ոսկե կանոնն ու ողնաշարը, բայց քանի՞ գրոշ արժե օրենքը, որը չի բխում հավաքական, հանրային բարոյականության նորմերից ու շահից։

Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ հասարակությունը ոտքի կանգնեց՝ դառնալով իշխանափոխության հիմնական հենարանը, նա ուներ լավակեցության իր պատվերն ու պատկերը։ Եվ այդ պատվերը կառուցված էր հենց բարոյական արժեքների վրա։  Սեր, համերաշխություն արժանապատվություն, հավասարություն, արդարություն, հավասար հնարավորություններ` սրանք էին այդ օրերին ամենից շատ հնչող ուղերձները։

Իսկ այս օրերին ունենք պարգևավճարների շուրջ հանրային ընդվզում, որը շատ հասկանալի է և արդար` Հայաստանի ապագայի նկատմամբ ժողովրդի սպասելիքներն ու հանրային պատվերը այլ էին։ Համբերատար լինելու, հեղափոխական արժեքների գեներացմանը ժամանակ, իսկ անփորձ կադրերին հասունանալու հնարավորություն տալու բարոյական ու քաղաքական հորդորների համատեքստում պարզապես չի տեղավորվում «Մէկին հազար դեկան ոսկի, մէկին ոչ փող մի պըղնձի» ֆրիկյան անմահ ձևակերպումը։

Եվ հենց այստեղ էլ բախվում է բարոյականության և օրենքի, տվյալ դեպքում շատ նուրբ սահմանը։

Պարգևավճարներին, իհարկե, անտրամաբանական պիտի լիներ դեմ լինելը։  Սա համամարդկային է, և անգամ կարիք չկա հիմնավորել, թե արդյունավետ կառավարման, որակյալ աշխատուժի, կադրերի կայունության, մոտիվացման և հազար ու մի այլ առումներով որքան արդարացված և անհրաժեշտ գործիք է պարգևավճարը, գնահատված լինելն առհասարակ:

Մեր պարագայում խնդիրը բուն պարգևատրումը չէ, այլ՝ ինչպեսը։

Իհարկե, խնդիր է, երբ առավելագույնը 100% պարգևատրման պարագայում, ինչ-որ մարզպետ իրեն 104% է հաշվարկում (դե հեկտարն ու քառ.մետրը չտարբերողից ի՞նչ սպասես)։ Իհարկե, խնդիր է, երբ ինքնապարգևատրվում են չորս-հինգ ամսվա աշխատանքային կենսագրությամբ պաշտոնյաներ։ Իհարկե, խնդիր է, երբ մեկին 180%-ով են պարգևատրում և արդարացնում, որ հիմնարկի միակ լավ աշխատողն է, այդ դեպքում՝ ինչու՞ ես պահում մյուսներին։ Իհարկե, խնդիր է, երբ հարկատուների  միջոցներից 474 միլիոն դրամ (մոտ 1 մլն դոլար) պարգևավճար է հատկացվում և հայտարարվում, որ անձնական տվյալներ են ու պաշտպանված են գաղտնիությամբ, այդ դեպքում մի՞թե անձնական չեն բարձրաստիճան այլ պաշտոնյաների՝ պատգամավորների, դիվանագետներիի կամ նախարարների եկամուտների հայտարարագրերը։ Իհարկե, խնդիր է, երբ վեցն անցնող զրոներով պարգևատրվում է միայն ղեկավարությունն ու նրան մերձ քարտուղարությունը։ Իհարկե, խնդիր է, երբ բարձրաստիճան պաշտոնյան իրական խնդիրը չի տեսնում և փորձում է  սոսկ իներցիայով բացատրել:

Իրականում պարգևատրումների մշակված  և կանոնարկված  ընթացակարգեր կան, նաև Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներով նախատեսումներ։ Ես վստահ եմ, որ  այդ ընթացակարգերը հիմնականում պահպանվել են…

Խիստ անիրատեսական է սոսկ  բարոյական  կամ ֆրիկյան  արդար ընդվզումի մեկնակետից մոտենալ խնդրին։ Շատ դժվար է բարոյական արժեքներից խոսել մի հասարակության մեջ, ուր օրը ցերեկով խուժանի մի խումբ զինակոչիկների ավտոբուս է կանգնեցնում ու կոտրում դռները, երբ այդպիսի խուժանի մի այլ խումբ լուսացույցի տակ  դիրքավորվելու պատճառով կարող է իրական մարտաֆիլմ սարքել, կամ հաղթանակներ է արձանագրում փողոցային արդարադատությունը:

Խնդիրը քաղաքական է, խնդիրը հին է և լուծման կարոտ

Խնդիրը Հայաստանում` պետական համակարգում գործող աշխատավարձերի  փիլիսոփայությունն է  կամ ավելի շուտ դրա բացակայությունը։ Որևէ  հիմնավորում, չափանիշ, փաստարկ չեք գտնի հասկանալու համար, թե որևէ ոլորտում աշխատավարձերի սահմանման ինչ մեխանիզմներ են գործել, և ասենք ինչու բժշկի,  ուսուցչի, գիտության կամ մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը 80-90 հազար դրամի սահմաններում պիտի լինի, իսկ տեսչական այս կամ այն մարմնի, մեկ այլ ոլորտի աշխատողինը` երկու կամ երեք անգամ բարձր։ Կամ ինչու՞ պիտի որևէ ՊՈԱԿ-ի կամ ԾԻԳ-ի տնօրեն ավելի բարձր աշխատավարձ  ստանա, քան նրա գործունեությունը համակարգող նախարարը։ Քննարկման առարկա պիտի դառնան նաև արտաբյուջետային ֆոնդերը, դրանց ձևավորման և բաշխման մեխանիզմները։

Մեզանում  շարունակում է գործել աշխատավարձերի ձևավորման իներցիոն մի ավանդույթ, որը սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության տեսակետից խիստ խոցելի է դարձնում պետությունը։

Մեր հասարակության մեջ կուտակված չարության, ատելության հասնող անհանդուրժողականության արմատները նաև սոցիալական են։ Երբ պետությունը թերանում է արդարության, եկամուտների արդար վերաբաշխման և արժամապատիվ կյանքի նվազագույն պայմաններ ապահովելու և վերահսկելու իր պարտականություններում, հասարակությունը սոցիալական արդարության սեփական պատկերացումներն ու մեխանիզմներ է գործադրում։  Եվ հետո պետք չէ զարմանալ, որ հավաքարարը մաշված օճառի մի կտոր է թռցնում, վարորդը՝ բենզին, մանկապարտեզի վարիչը՝ հավի բուդ, գեներալը՝ զրահամեքենա, ինչ-որ մի նախարար էլ իր աշխատավարձին (օրենքով) գումարում է հավելավճար, պարգևավճար ու ստանում յոթանիշ թիվ։

Հավատում եմ  սոցիալական պետություն կառուցելու` նոր իշխանության հանձնառությանը, սակայն սոցիալական պետության հաստատումը կմնա սոսկ սահմանադրական, թղթային հաստատում, իսկ հանրային համերաշխության մակարդակը գնալով կնահանջի, եթե իշխանությունները չնախաձեռնեն  տնտեսության ստեղծած արդյունքի արդար բաշխման կամ վերաբաշխման, այդ թվում՝ աշխատավարձերի կարգավորման նոր քաղաքականություն։

Հ.Գ.

Իհարկե, ես չեմ նահանջում իմ հին  համոզումից ու շարունակում եմ հավատալ, որ ամենաարդյունավետ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է։

Լիլիթ Գալստյան