Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ 30 մլն դրամ հանգանակությամբ ավարտվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնած բարեգործական համերգ-դրամահավաքը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի քառօրյա բարեգործական դրամահավաք-համերգների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 30-ին Կասկադի տարածքում և ավարտվեց նոյեմբերի 2-ին Գարեգին Նժդեհի արձանին հարակից այգում։ Բարեգործական համերգների ընթացքում հնչեցին հայրենասիրական‚ ժողովրդական երգեր ու կատարումներ, Այդ թվում ՀՀ ազգային օրհներգը‚ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի»‚ Ռուբեն Ալթունյանի «Քոչարի» և «Բերդ պար»‚ Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջեր»‚ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»‚ Արմեն Պողոսյանի «Վասն հայրենյաց»‚ Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործությունները‚ Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը‚ «Գինի լից» և «Արի իմ սոխակ» ժողովրդական երգերը։ Իսկ համերգները եզրափակվում էր Ավետ Բարսեղյանի և Արման Ղազարյանի հեղինակած «Անունս Արցախ է» երգով՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ, որը կարճ ժամանակում հասցրեց սիրվել հանրության կողմից, դարձավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնը։
«Այո՛, սա մեր հայրենական պատերազմն է, ճակատում մեծ կռիվ է գնում։ Վստահաբար, հաղթելու ենք, և այդ հաղթանակը նաև ձեզանից է կախված»,- բարեգործական համերգի ընթացքում խրախուսական խոսքով ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Իսկ ծանրամարտի կանանց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն էլ ընդգծեց, որ այս պատերազմում հաղթանակի հասնելու համար յուրաքանչյուրը պիտի ամեն ինչ անի իր բնագավառում ու իր ուժերի չափով․ «Մեր պայքարն ազնիվ է, միայն դրա համար պետք է հաղթենք»։
«Մեր փոքրիկ համերգային ծրագրի նպատակը մեկն է՝ մարդկանց ուշադրությունը հրավիրել այս հիմնադրամին և աջակցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Ուրախ եմ, որ բավական լավ արդյունքներ ունեցանք և մեր փոքրիկ ներդրումը կարողացանք ունենալ այս հարցում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած չորս բարեգործական համերգների ընթացքում հանգանակվել է 30 միլիոն դրամ։ Առցանց և տեղում հանգանակություն են արել հարյուրավոր քաղաքացիներ։ Խոշոր նվիրաբերություններ են կատարել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ‚ բարերար Գաբրիել Չենբերջյանը (800 հազար դրամ)‚ «Ինգո Արմենիան» (500 հազար դրամ)‚ երեք օրերի հանգանակությունները կրկնապատկվել են «Էվոկաբանկի» կողմից: Այսպիսով՝ չորս օրերի ընթացքում հավաքվել է 12.5 միլիոն դրամ‚ Սերգեյ Սմբատյանի ընտանիքը հավաքված գումարը դարձրել է 15 միլիոն դրամ‚ իսկ Վիգեն Սարգսյանն ու նրա ընկերները՝ ԱՄՆ-ից, կրկնապատկել են հավաքված գումարը՝ այն հասցնելով 30 միլիոն դրամի։ Հանգանակված միջոցները փոխանցվելու են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Լիլիթ Եղիազարյան
Բարեգործական համերգի մանրամասները դիտե՛ք ռեպորտաժում։