կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-15 15:12
Մշակույթ

Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման գործը կղեկավարի ֆիլհարմոնիկի տնօրենը

Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման գործը կղեկավարի ֆիլհարմոնիկի տնօրենը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հյուրընկալվելով նախագահի նստավայրում, ի թիվս այլ հարցերի, առաջարկել է նաև ստեղծել Համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները:

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել մշակույթի նախարարին` տեղեկանալու` արդեն կա՞  պատկերացում, թե ով է ղեկավարելու նվագախումբը, մշակութային ոլորտում ի՞նչ առաքելություն է ունենալու այն, ֆինանսավորումն ինչպե՞ս է կազմակերպվելու և այլն:

Նախարարը պատասխանել է, որ Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման ծրագիրը մշակման փուլում է, և շատ բան դեռ հայտնի չէ: «Հայտնի է, որ նվագախմբի կազմավորման գործը ղեկավարելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: Հրավիրվելու են աշխարհի տարբեր երկրներում հանդես եկող` ազգությամբ հայ երաժիշտներ, իսկ առաջին ելույթը, ինչպես կանխավ ասվել էր, նախատեսվում է 2017-ի ապրիլի 24-ին: Նվագախումբը կատարելու է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- պատասխան նամակում գրել է Ամիրյանը` հավելելով, որ համերգային ծրագրերը շարունակվելու են դրսում` հայաշատ քաղաքներում, մասնավորապես` Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Թեհրանում, Բեյրութում:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ, ի սկզբանե, երբ նախարարը բարձրաձայնեց այդ մասին, լուրեր շրջանառվեցին, որ նվագախումբը ղեկավարելու է Երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, քանի որ այս տարի Անկախության օրվան նվիրված ` «Անկախության սերունդ» խորագրով նախագծի հեղինակը նա էր, և նա էլ ղեկավարեց նվագախումբը: Սակայն, պարզվում է, դեպքերն այլ ընթացք են ստանում, և, փաստորեն, կարող է ստեղծվել նվագախումբ, որտեղ կլինեն ինչպես ֆիլհարմոնիկի, այնպես էլ երիտասարդական նվագախմբի երաժիշտներ:

Ռուզաննա Սիրունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի հիմնական գաղափարը միասնականությունն է, քանի որ ամբողջ աշխարհում սփռված հայ երաժիշտներն առիթ կունենան հայրենիքում համախմբվելու, տեղի երաժիշտների հետ համերգներով հանդես գալու, իսկ շարունակությունը կբխի ապրիլի 24-ից հետո: «Ես մտածում եմ` այդ նվագախումբը մշտական բնույթ չի կրելու, որ հիմա մենք մրցակցության եզրեր գտնենք ֆիլհարմոնիկի կամ երիտասարդականի միջև, պարզապես, տարեկան մի քանի անգամ մեծ երաժիշտներն առիթ են ունենալու համախմբվելու և իրենց գոյության մասին բարձրաձայնելու»,- ասաց Սիրունյանը: