|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը շարունակում է մնալ Երևանում այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին Արտաքին գործերի նախարարության կողմից հետ էր կանչվել` խորհրդակցությունների նպատակով: Այս մասին հոկտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այս պահի դրությամբ դեսպանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել»,- ասաց Նաղդալյանը:
Նա հավելեց, որ ՀՀ-ն սկզբունքային դիրքորոշում ունի Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առումով:
«Չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել այս ամբողջ ամսվա ընթացքում»,- ասաց Նաղդալյանը:
Նաղդալյանը հավելեց, որ ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն վերապրած պետությունը (Իսրայելը- խմբ.), ցեղասպանություն վերապրած ժողովուրդն աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող ու ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետությունների:
Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ կիրառում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: