Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ Yerkir.am-ը զրուցել է երեկ վաղ առավոտից արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամու կողմից սանձազերծված ռազմական գործողությունների մասին:
-Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում սահմանին ստեղծված իրավիճակը: Հաշվի առնելով, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին, ի՞նչ խնդիրներ է փորձում այս պահին լուծել Թուրքիան:
-Թուրքիան Ադրբեջանին օգտագործում է իր աշխարհաքաղաքական ծրագրերն իրականացնելու համար, իսկ աշխարհաքաղաքական ծրագրերը Էրդողանի կառավարման վերջին տարիներին, իմ կարծիքով, ակնհայտ են՝ հասնել որոշիչ դեր ունեցող երկրի դիրքի: Նման ծրագրեր Թուրքիան փորձում է իրականացնել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրայում, Լիբանանում է ակտիվանում և հիմա արդեն ուզում է իր ագրեսիվ քաղաքականությունը տեղափոխել Հարավային Կովկաս: Ավելի պարզ՝ Թուրքիան ուզում է Հարավային Կովկասն իր ազդեցության ոլորտ դարձնել: Այս ծրագրերի իրականացմանը խանգարում են Հայաստանն ու Ռուսաստանը, դրա համար, Ադրբեջանին հրահրելով ագրեսիվ պատերազմի Հայաստանի և Արցախի դեմ, Թուրքիան փորձում է թուլացնել Հայաստանի դերը Հարավային Կովկասում, դրանով իսկ հարվածում է Ռուսաստանի դիրքերին, որովհետև Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը մնացել է Հայաստանը:
Թուրքերի տեսակետից նաև շատ լավ ընտրված է պահը: Նրանք շատ լավ հաշվարկել են, որ աշխարհը հիմա Covid-19-ի համավարակով է զբաղված, և հնարավոր կլինի իրենց ագրեսիվ ծրագրերն իրականացնել: Մի կողմից՝ ԱՄՆ-ը մոտենում է ընտրություններին. տեսնում ենք այնտեղ լարված վիճակ է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի վրա ճնշումը հիմա մեծ է՝ Նավալնու գործի հետ կապված: Այնպես որ՝ նրանք հաշվարկել են, որ այստեղ Ադրբեջանի միջոցով հնարավոր կլինի հասնել իրենց ծրագրերի իրականացմանը՝ թուլացնել հայկական գործոնը Հարավային Կովկասում:
-Անդրադառնանք միջազգային հանրության արձագանքին: Մինչ այս պահը մենք չենք տեսել կոշտ արձագանք: Հնչում են միայն կրակի դադարեցման ու բանակցությունները վերսկսելու կոչեր, ինչո՞ւ է միջազգային հանրությունը հապաղում ավելի հստակ կոչեր անել:
-Արցախյան հիմնահարցի կարգավորման տարիների ընթացքում, երբ Ադրբեջանի կողմից ականատես ենք եղել տարբեր ագրեսիվ գործողությունների, միջազգային հանրությունը, հզոր պետությունները, կարծես, աչք են փակում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվության վրա: Սա փաստ է, որը մենք արձանագրել ենք: Կարծում եմ՝ սրա համար տարբեր պատճառներ ու հաշվարկներ կան, օրինակ՝ Ադրբեջանի նավթն ու գազը, որոնք ազդում են մեծ տերությունների դիրքորոշման վրա: Բայց հատուկ ուզում եմ ընդգծել մի հանգամանք՝ Թուրքիային և Ադրբեջանին հաջողվում է իրենց ագրեսիվ քաղաքականության մասով կոշտ դիրքորոշումից խուսափել, բայց, մյուս կողմից, ամեն ինչ որոշվում է մեր բանակի, Արցախի պաշտպանության բանակի և ՀՀ զինված ուժերի գործողություններով: Սա է որոշիչը, և շատ կարևոր է, որ մենք, ինչպես հուլիսյան ագրեսիայի ժամանակ, կարողանանք արժանի հակահարված տալ: Համոզված եմ՝ մեր հակահարվածը կլինի այնքան հուժկու, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ծրագրերը շանս չունենան իրականություն դառնալու: Այդ դեպքում համաշխարհային հասարակական կարծիքը և խոշոր տերությունները, կարծում եմ, մեր կողմը կլինեն:
-Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի գործողությունները:
-Ես հպարտութամբ ուզում եմ ընդգծել, որ ինչպես Տավուշում հուլիսյան ագրեսիայի ժամանակ, այնպես էլ հիմա մեր զինված ուժերը տալիս են շատ հուժու հարված, և փաստորեն, թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրերը ջուրն են ընկնում: Դրա վկայությունն են այն հաղորդագրությունները, համաձայն որոնց՝ Թուրքիան, տեսնելով, որ Ադրբեջանը չի կարողանում հասնել իր առջև դրված նպատակներին, նույնիսկ այդքան մեծ թվով զինյալներ է ուղարկել, հիմա արդեն մտածում է ուղարկել հատուկ նշանակության զինված ուժերի ստորաբաժանումներ, որովհետև տեսնում է, որ Ադրբեջանը ջախջախվում է: Մենք մեր հողի վրա որոշում ենք տարածաշրջանի ապագան, և համոզված եմ, որ հաղթանակը մերը կլինի:
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ այս պահին Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: Արցախում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը: ՀՀ-ում և Արցախում երեկվանից հայտարարվել է արտակարգ դրություն: Այս պահի դրությամբ ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 50-ից ավելի զոհ և վերջին տվյալներով շուրջ 120 վիրավոր: Ըստ ՊՆ հաղորդած տեղեկությունների՝ վիրավորների թիվը դեպի նվազում է գնում, քանի որ մեծ մասը ունեն թեթև վիրավորումներ, շատերը վերադարձել են ծառայության։ Հակառակորդի կողմից ըստ նախնական տեղեկությունների՝ կա 200 զոհ և շուրջ նույնքան վիրավոր:
Վարդուհի Ստեփանյան