կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 21:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճիշտ ժամանակն է ՀՀ–ԼՂՀ ռազմաքաղաքական դաշինք կնքելու համար․ Կիրո Մանոյան

ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ տարվող բանակցություններում ՀՀ իշխանությունների քայլերից հստակ պարզ է դառնում՝ իշխանությունները չունեն ո՛չ ռազմավարություն, ո՛չ հայեցակարգ։ Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Օրինակ՝ ՀՀ ԱԳ նախարարը Բրատիսլավայում հայտարարություն է անում, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, սակայն Արցախը, Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է և՛ 1991-ի, և՛ 2006-ի հանրաքվեներով, և՛ 2017-ի սահմանադրության հանրաքվեով։ ՀՀ իշխանությունների կողմից այս ամենի անտեսումը ցույց է տալիս, որ նրանք Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում»,– ասաց Մանոյանը՝ նշելով, որ վարչապետն Արցախի հարցի վերաբերյալ պարբերաբար անում է իրարամերժ հայտարարություններ, որոնք թուլացնում են ՀՀ դիրքերը միջազգային ասպարեզում։

«Վարչապետը նշում է, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին, սակայն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները միակարծիք են Արցախի հարցի կարգավորման շուրջ։ Սրանից բացի, ՀՀ վարչապետը Ստեփանակերտի հրապարակից հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այս ամենից պարզ է՝ չկա ռազմավարություն, տեսլական, հայեցակարգ և սա մենք չենք ասում, սա պարզ է իշխանությունների գործողություններից»։

Կիրո Մանոյանը կարծում է, որ հիմա առավել քան անհրաժեշտ է և ճիշտ ժամանակն է ՀՀ–ԼՂՀ ռազմաքաղաքական դաշինք կնքելու համար։

Դիտարկմանը՝ ՀՀ իշխանություններն այս մասով դեռևս որևէ դիրքորոշում չեն արտահայտել, Մանոյանը պատասխանեց՝ այդ դաշինքի կնքումն ավելի կմոտեցնի Արցախին միջազգային ճանաչմանը, ինչից էլ զգուշանում է այս իշխանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում․