Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հարևանությամբ ռազմաքաղաքական իրադրությունը զարգանում է հիմնականում բացասական հունով: Այս մասին այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ վտանգավոր միտում համարելով սպառազինությունների վերահսկման համակարգի շարունակվող փլուզումը:
«Այս գործընթացում գլխավոր դեր է խաղում ԱՄՆ-ը, որը, չնայած ռուսական կողմից գործադրվող միջոցներին, դադարեցրեց իր մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին, որը ենթադրում է հարվածա-հարձակողական ներուժի ավելացման հնարավորությունների սահմանափակում»,- ընդգծեց նա:
Ըստ Սիդորովի՝ Վաշինգտոնի նմանօրինակ քայլերը մտահոգություն են առաջացնում անգամ դաշնակիցների շրջանում։ Բացի այդ` ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայի երկրներում մտադիր է լրացուցիչ ուժեր տեղակայել, ընդ որում՝ ՀԱՊԿ մասնակից երկրների հարևանությամբ, ինչը նույնպես անհանգստության տեղիք է տալիս:
«Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է իր ռազմական կազմավորումները համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին, սա ապակայունացման օջախներից մեկն է ՀԱՊԿ երկրների սահմանին»,- հավելեց գեներալը։
Այս համատեքստում Անատոլի Սիդորովը նշեց, որ բարդ իրադրությունը պահպանվում է նաև Կովկասյան տարածաշրջանում, և որ անվտանգության մարտահրավեր է շարունակում մնալ իրավիճակն Աբխազիայում և Հարավային Օսիայում։
«Վրաստանը իբրև թե պատրաստակամություն ցուցադրելով, միաժամանակ կասեցնում է բանակցային գործընթացը՝ հրաժարվելով պարտավորություններ ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ ուժ չկիրառելու մասին։ Բացի այդ` ԱՄՆ ղեկավարությունն ակտիվորեն սատարում է Վրաստանի հակառուսական քաղաքականությանն ու ՆԱՏՕ մտնելո`ւ Թբիլիսիի ձգտմանը»,- շեշտեց Սիդորովը՝ հիշեցնելով ՆԱՏՕ-ի գլխավորությամբ երկրի տարածքում մի քանի տարի անցկացվող բազմազգ զորավարժությունները:
Ըստ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի` Միջին Ասիայի համար հիմնական վտանգ է չդադարող զինված հակամարտությունն Աֆղանստանում, քանի որ նկատվում է «Թալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների գործունեության ակտիվացում Աֆղանստանի հյուսիսում, որը սահմանակից է ՀԱՊԿ անդամ երկրներին։