կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-28 19:37
Արցախ

Հայաստանի եզդիական համայնքից նաև կին է մասնակցում պատերազմին․ նրանք պաշտպանում են հայրենիքը

Հայաստանի եզդիական համայնքից նաև կին է մասնակցում պատերազմին․ նրանք պաշտպանում են հայրենիքը

Դիլբար Թելոևան եզդիական կամավորական առաջին ջոկատի հետ մեկնեց Արցախի սահման։ Եզդի կինը ռազմական գործողությունների է մասնակցում։ Նա նաև բժշկական գիտելիքներ ունի և եզդիական ջոկատի վիրավոր տղաների առաջին բուժօգնությունն է կազմակերպում։

«Այս պատերազմական գործողություններին անկախ սեռից, ազգությունից, քաղաքական հայացքներից, սոցիալական կարգավիճակից բոլորս պիտի մասնակցենք, քանի որ այս վտանգը սպառնում է ոչ թե կոնկրետ կարգավիճակ ունեցողին, այլ բոլորին։ Սա Հայրենական պատերազմ է, որին պետք է մասնակցեն բոլորը, այդ թվում՝ կանայք։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ եզդի կնոջ մասնակցությունը»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սայիդ Ավդալյանը։

Արցախյան ներկա պատերազմի առաջին օրից բազմաթիվ եզդիներ արդեն իսկ մեկնեցին ռազմաճակատ իրենց հայ ընկերների, հայկական ջոկատների հետ միասին։ Հետո եզդիական երկու ջոկատները կազմավորվեցին։ Եզդիական կամավորական ջոկատները կազմված են բացառապես եզդիներից և կրում են Քյարամ Սլոյանի անունը, որը 2016-ի ապրիլյան պատերազմում հերոսացավ։

«Եզդիական համայնքը ամբողջությամբ ներգրավված է ռազմական գործողություններում․ շատերը ժամկետային զինծառայության մեջ են գտնվում, շատերը հաշվառված են պահեստազորում և նույնպես ստացել են թերթիկները»,-ասաց Սայիդ Ավդալյանը։

Եզդի ֆիդայի Շաքրո Թելոև, որը դեռևս 90-ականների արցախյան ազատամարտին մասնակցել էր Աբովյանի ջոկատի կազմում, այս անգամ ևս Աբովյանի ջոկատի հայ ընկերների գնացել է առաջնագիծ։ Շաքրո Թելոևը երկու ոտքից վիրավորում է ստացել և այժմ բուժվում է։

Հայաստանի 35 500-ից ավելի եզդիները այս մեկ ամսում 5 զոհ ունեցան, բազմաթիվ վիրավորներ ու անհետ կորածներ։ Զոհված տղաները 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ են։ Նրանցից մեկը ոստիկանության ավագ լեյտենանտ էր, Երևանի բնակիչ։

«Վիշտը ցավալի է, իհարկե, սակայն այն, որ նրանք նահատակվել են հայրենիքը պաշտպանելիս, իրենց ծնողների, ընտանիքի անվտանգությունը ապահովելիս, որոշ չափով ուժ է տալիս հարազատներին։ Եզդիական համայնքը բավականին մարտական է տրամադրված։ Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, լինում են և զոհեր, եթե գնում ենք պատերազմ, դա գիտակցում ենք»,-ասաց Սայիդ Ավդալյանը։

Հայաստանի ու աշխարհի եզդիական համայնքները, բացի ֆիզիկապես ռազմական գործողություններին մասնակցելուց, նաև մասնակցում են հումանիտար օժանդակություններին, բողոքի ակցիաներին և այլ գործողությունների։

Սայիդ Ավդալյանն ասում է՝ ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, ամեն տեղ, որտեղ հայերը ակտիվորեն ցույցեր են կազմակերպում, կարելի է տեսնել այդ երկրներում եզդի համայնքի անմիջական մասնակցություն՝  սեփական ազգային դրոշով։

«Առանց վախի, պարտադրանքի նրանք մասնակցում են, չէ՞ որ նրանցից շատերը ժամանակին եղել են Հայաստանի քաղաքացիներ և նրանց պապերը այստեղ են թաղված, Հայաստանը նաև նրանց հայրենիքն է։ Հետևաբար, նրանք նույնպես ցավ են ապրում և իրենց վրդովմունքը դրսևորում են այդ կերպ»,-նշեց Սայիդ Ավդալյանը։

Սփյուռքի եզդիները ոչ միայն ֆիզիկապես մասնակցում են ցույցերին, այլև կան դեպքեր, երբ իրենց բնակության երկրի մասշտաբով հանգանակություն են կազմակերպում և գումարն ուղարկում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Կան նաև օրինակներ, երբ եզդիական համայնքը ավտոմեքենա է գնել-նվիրել, շտապ-օգնության 4 մեքենա է նվիրաբերել Պաշտպանության բանակին։ Կան նաև կամավորության սկզբունքով իրենց մեքենաները ՊԲ-ին նվիրելու օրինակներ։

Հայաստանի գյուղերի եզդիական համայնքները ոչ միայն հանգանակություններ են անում և փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այլև անհրաժեշտ իրերի հումանիտար արկղեր են պատրաստում և ուղարկում առաջնագիծ։

«Եզդիական համայնքը պարզապես այստեղ նստած չէ ու հյուրի կարգավիճակում չի հետևում, թե գործողություններն ինչ ընթացք կունենան։ Նրանք լավ հասկանում են, որ եթե գործողություններն ընթանան ի վնաս Հայաստանի, ուրեմն նաև ի վնաս եզդիական համայնքի են, եթե ի շահ Հայաստանի, ուրեմն՝ ի շահ եզդիական համայնքի։ Այսինքն, նրանք իրենց անմիջական մասնակցությունն են ունենում պատերազմին»,-ասաց Սայիդ Ավդալյանը։

Հայաստանի եզդիական համայնքը նաև առանձին՝ սեփական նախաձեռնությամբ բողոքի ակցիա կազմակերպեց ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանց վրդովեցրել էր, որ միջազգային որոշ լրատվամիջոցներ՝ այդ թվում BBC-ն, փորձել էր եզդիական կամավորական ջոկատների ներգրավվածությունը ռազմական գործողություններին որակել որպես ահաբեկչական գործողություն։

Եզդիական համայնքը պաստառներով գնաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն ու հայտարարեց, որ իրենք ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք և Հայաստանը պաշտպանելու պարտավորություն ունեն։ Նրանք ասացին, որ իրենք մասնակցում ենք առանց որևէ պարտադրանքի կամ շահագրգռության, պաշտպանում են իրենց հայրենիքը։ Նրանք ասացին, որ ահաբեկիչները ոչ թե իրենք են, այլ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները, որոնք տարբեր երկրներից Արցախի սահմաններ են բերել նույն ահաբեկիչներին, ովքեր 2016 թ-ին եզդիական Շանգալ նահանգում իրականացնում էին եզդիական ցեղասպանություն։

Աննա Բալյան