կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-24 12:13
Արցախ

Սեպտեմբերի 27-ից առ այսօր արձանագրել ենք 37 քաղաքացիական զոհ և 118 վիրավոր. ԱՀ ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ից առ այսօր արձանագրել ենք 37 քաղաքացիական զոհ և 118 վիրավոր. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը քիչ առաջ իր ճեպազրույցում ներկայացրեց ԱՀ ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության արդյունքները: Նա նախ վիճակագրությունը ներկայացրեց, թե քանի քաղաքացիական զոհ և վիրավոր ունենք պատերազմը սկսվելուց մինչ օրս:

«Սեպտեմբերի 27-ից առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր: Վիրավորներից մեկը հենց գիշերն է արձանագրվել՝ Ավետարանոց գյուղում՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով»,- ասաց Բեգլարյանը:

ԱՀ ՄԻՊ-ն անդրադարձավ նաև ենթակառուցվածքային և նյութական վնասներին: «Նախնական վերլուծությամբ` 10.500-ին մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ, վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային և արտադրական օբյեկտներ և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել՝ մեքենա»,- ասաց Բեգլարայնը՝ հավելելով, որ այս վիճակագրությունը մոտավոր է և ճշգրտման կարիք ունի:

«Նախնական տվյալներ ունենք որոշ քաղաքացիական անձանց զոհվելու վերաբերյալ, հատկապես` այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մուտք են գործել, սակայն կրկին, պայմանավորված ռազմական գործողությունների շարունակմամբ, անհնար է վերջանական ճշգրտված տվյալ այս պահին ներկայացնել: Այնուամենայնիվ, ռիսկը բավականին մեծ է՝ հաշվի առնելով նաև Հադրութի դեպքը՝ 2 քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում: Ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ, մեր տեղեկություններով, քաղաքացիական անհայտ կորած անձինք կան տվյալ բնակավայրերից: Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որն ակնհայտ է բազմաթիվ ապացույցների  հիման վրա, որը կիրառվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, կրկին վտանգը բավականին մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են, նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների կամ մի շարք այլ ռազմական հանցագործությունների»,- հավելեց Արտակ Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ վերջին օրերին էլ ադրբեջանական զինված ուժերն ակնհայտորեն շարունակում են թիրախավորել բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ` բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ:

«Երեկվա դեպքից ևս ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային և ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն՝ Ժնևյան կոնվենցիաներով: Բարեբախտաբար, վիրավորներ և զոհեր չեն արձանագրվել, բայց բավականին շատ նյութական վնասներ են արձանագրվել»,- ասաց Արտակ Բեգլարյանը: