կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-19 16:49
Առանց Կատեգորիա

Վճռական այս օրերին մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարեւոր ճակատը՝ առողջապահականը․ Արա Բաբլոյանը հանդես է եկել կոչով

Վճռական այս օրերին մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարեւոր ճակատը՝ առողջապահականը․ Արա Բաբլոյանը հանդես է եկել կոչով
«Արաբկիր» ԲԿ տնօրեն, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել՝ ռազմական ու բժշկական ճակատներն ամուր պահելու պահանջով։

«Սիրելի հայրենակիցներ, մեր հայրենիքի համար վճռական այս օրերին, երբ մեր զինվորներն իրենց կյանքն են զոհաբերում՝ հանուն հայրենի հողի եւ մեր լինելիության, մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարեւոր ճակատը՝ առողջապահականը: Խնդրում եմ, թույլ տվեք ասել նաեւ՝ պահանջում եմ, խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները, գնահատեք Ձեր պատասխանատվության աստիճանն այս հարցում՝ ընդունելով, որ վիրավորներով գերծանրաբեռնված բժշկական կենտրոններում մեկ մահճակալ, մեկ թթվածնային սարք զբաղեցնելն այս օրերին ոչ միայն անցանկալի, այլեւ պարզապես անթույլատրելի է: Թույլ տվեք բժիշկներին կենտրոնանալ առավելապես մեր քաջարի զավակների կյանքերը փրկելու, նրանց առողջությունը վերականգնելու անգնահատելի գործին:
 
Կրկնում եմ, զգացեք յուրաքանչյուրիդ պատասխանատվությունը՝ կորոնավիրուսային չարաբաստիկ վարակի տարածումը կանխարգելելու գործում, պահեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը եւ պահանջեք նույնը ձեր կողքիններից:
Այսօր մեր վարքագիծն առավել քան կարեւոր է՝ չթուլացնելու, հաղթանակած պահելու համար մեր ռազմական ու բժշկական ճակատները»,- ասել է Ա․ Բաբլոյանը: