Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հարգելի ընկերներ, եթե միանում եք այս կոչին, մեկնաբանությունում գրեք ձեր անունն, ազգանունը և մասնագիտությունը։ Լավ կլինի, որ միայն իրական անուններով մարդիկ ստորագրեն։ Որոշ ժամանակ անց կուղարկվի լրատվամիջոցներին։
Կոչ իշխանությանը՝ համախմբե՛ք բոլորին պետության շուրջ
Լինելով տեղեկատվական անորոշության մեջ, բայց և հասկանալով, որ վիճակն օրհասական է, դիմում ենք Հայաստանի իշխանությանը։
Բազմիցս ասվել է, այդ թվում՝ երկրի ղեկավարի կողմից, որ այս պատերազմը հայերի գոյության կռիվն է, և որ այն հղի է նոր ցեղասպանության վտանգով։ Հետևաբար, հայերի հանդեպ մարդկության դեմ ևս մեկ հանցագործությունից պետք է պաշտպանվենք հայկական ամբողջ ներուժով, քանի որ, ինչպես ցեղասպանությունները չեն ճանաչում կուսակցություններ ու քաղաքական հայացքներ, այնպես էլ դրանից պաշտպանվելը պետք է չճանաչի։
Թշնամու համար բոլորս մեկ ենք, հետևաբար, մեկ դարձած պետք է դիմադրենք։ Թշնամու համար ավելի հեշտ է մեզ կոտորելը, եթե սա չենք ընկալելու։
Այս օրհասական պահին այնպես է ստացվել, որ երկրի իշխանության ղեկին է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հայաստանի հազարամյա պատմության մեջ մոտ 2 տարի է, ինչ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է վճռում երկրի ապագան և Հայաստանի շարունակականության ապահովման հարցը։ Եթե լինի կորուստ, Հայաստանի հետագա պատմության մեջ չեն հիշվելու այն ուժերը, որոնք իրենց ներուժն են ուզում օգտագործել երկրի պաշտպանության հարցում, բայց կհիշվի իշխող կուսակցությունը՝ որպես կորստի հեղինակ։ Հայաստանի հետագա պատմության մեջ, եթե լինի հաջողություն, նույնպես չեն հիշվի այն ուժերը, որոնք իրենց ներուժն են ուզում ներդնել երկրի պաշտպանության հարցում, բայց կհիշվի իշխող կուսակցությունը՝ որպես հաջողության հեղինակ։
Իշխանություններն ու կուսակցությունները կգան ու կգնան, բայց մենք խնդիր ունենք Հայաստանը փոխանցելու մեր ապագա սերունդներին։
Սա ազգային ինքնության պատերազմ է, ուրեմն խիստ անհրաժեշտ է մոռանալ կուսակցական ինքնությունը։ Հարկ է հիշել, որ իշխանության ու ընդդիմության համագործակցությամբ միայն 92 թվականին Հայաստանը սկսեց իր հաղթարշավը Ղարաբաղի պատերազմում։
Այսպիսով, Հայաստանի իշխանությանը կոչ ենք անում ընդունել 14 կուսակցությունների՝ այս իրավիճակից միասնաբար ելքեր գտնելու առաջարկը, որպեսզի ցեղասպանությունից պաշտպանվելու նպատակով օգտագործվի հայ ժողովրդի ամբողջ ներուժը, որպեսզի ապագայում այդ ներուժից չօգտվելու մեղադրանքները չդիտարկվեն կորստի հիմնական պատճառ. կոչ ենք անում միայն երկրի փրկությունից հետո զբաղվել ներքաղաքական, կուսակցական խնդիրներով և գաղափարական հակամարտություններով։
Իսկ եթե կարծում եք, թե «այնպիսի կուսակցություններ ու գործիչներ են իրենց համագործակցությունն առաջարկում, որոնք 20 կամ 30 տարի թալանել են երկիրը», հարկ է տրամաբանել, որ Ադրբեջանի իշխանության ղեկին է աշխարհի ամենահայտնի թալանչին ու ժողովրդի կեղեքիչը, բայց եթե նրանք հաղթեն, այնտեղ այլևս ոչ մի կարևորություն չեն ունենալու թալանի մասին կարծիքները։
Այս օրերին մեկ կուսակցություն պիտի գործի Հայաստանում, և դա Հայ ժողովրդի հաղթանակի կուսակցությունը պետք է լինի»: