Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մերձավորարևելյան զարգացումները հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի արաբական աշխարհի հետ և՛ սեփական շահերն առաջ տանելու, և՛ Թուրքիա-Ադրբեջան հակաքարոզչությանը հակազդելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մերձավոր Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը:
«Ընդհանուր առմամբ, արաբական աշխարհի հետ հարաբերությունները սերտացնելու առումով, ես կասեի, որ Հայաստանը թերացել է: Դա դեռ տարիների առաջ պետք է արվեր, մանավանդ, որ դրա համար պարարտ հող կար, այն էր՝ այդ երկրներում հայկական համայնքները: Այսօր ավելի քան երբևէ Հայաստանն ամենատարբեր ոլորտներում իր կապերը պետք է սերտացնի արաբական աշխարհի հետ՝ հակակշռելով Ադրբեջան-Թուրքիա հակաքարոզչությանը»,-ասաց Վերա Յակուբյանը: Նա ընդգծեց, որ այսօր այդ տեսանկյունից Հայաստանը որևէ արգելք չունի: Վերա Յակուբյանն այդ համատեքստում ընդգծեց վերջերս Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցելությունը Եգիպտոս, որտեղ հանդիպումներ եղան բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ այցն ու հանդիպումները դրական շեշտադրմամբ իրենց անդրադարձը գտան արաբական մամուլում:
«Ես կարծում եմ, որ տարածաշրջանում այս նոր ձևավորվող ճակատներում Հայաստանը պետք է իր տեղն ունենա, քաղաքական ակտիվ հարաբերություններով կարողանա սերտ կապեր ստեղծել արաբական գլխավոր ճակատների հետ, որպեսզի հակակշռի Թուրքիա Ադրբեջանը հակաքարոզչությունը»,-ասաց նա: Մանավանդ, որ Ադրբեջանին ու Թուրքիայից եկող հակաքարոզչությունը շարունակվում է՝ ժամանակ առ ժամանակ տարբեր դրսևորումներ ստանալով: Այժմ էլ ադրբեջանական մամուլում շրջանառության մեջ է դրվել այն տեղեկությունը, թե իբր Հայաստանը, համագործակցելով քրդերի հետ, վարձկաններ է բերում Ադրբեջանի ուղղությամբ հարձակումներ կազմակերպելու համար: Վերա Յակուբյանի խոսքով, իրականում նման քայլով փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն տեղեկություններից, ըստ որի, Թուրքիան բավական կազմակերպված աշխատանք տարավ Սիրիայից դեպի Ադրբեջան, Լիբիա բազմաթիվ ահաբեկիչներ տանելու ուղղությամբ՝ խոստանալով դրամական պարգև:
«Թուրքիան առաջ է շարժվում իր ծավալապաշտական նկրտումների համատեքստում՝ Միջին Արևելք, Արևելյան Միջերկրական: Թուրքիան դիմում է ցանկացած միջոցների, որպեսզի տարածաշրջանն ապակայունացնի և իր հակառակորդներին զբաղեցնի կողմնակի կռիվներով: Այսպիսով, տարբեր միջոցներով այնպես անի, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղի իր իրական նպատակներից»,-ասաց նա: Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները սանձելու տեսանկյունից՝ Վերա Յակուբյանը մատնանշեց Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Հորդանանի, Իտալիայի և Իսրայելի կողմից տարածաշրջանային գազային ձևաչափ հիմնելու նախաձեռնությունը: Սա նշանակում է, որ այս պետությունները պատրաստվում են հակաթուրքական ճակատ՝ փորձելով սանձել Թուրքիայի ծավալապաշտական ախորժակները:
Մանրամասները՝ տեսանյութում