Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 26-ին Սումգայիթյան սպանդի հիշատակին Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայ Դատի գրասենյակի կազմակերպած քաղաքական միջոցառման ավարտին տեղի ունեցած միջադեպն իրավական շարունակություն ունեցավ: Փարիզում Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված սադրանքը, որը միտված էր բարձրորակ քաղաքական միջոցառումը ձախողելուն, դատական գործի հարուցման պատճառ դարձավ. ադրբեջանական կողմը, փորձելով իբրեւ զոհ ներկայանալ, դատական հայց էր ներկայացրել ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի դեմ` ֆիզիկական եւ բանավոր բռնության ենթարկված լինելու ամբաստանությամբ:
Երեք ամիս տեւած դատավարությունը մայիսին «ոչ ոքի» վճռով փակվեց դատախազի, ապա ընդհանուր դատախազի կողմից: Սակայն ներկայումս ադրբեջանական կողմը դիմել է վերին ատյան` հարցը վերանայելու պահանջով:
Ըստ ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի` ադրբեջանական կողմը ցանկանում է շարունակել դատական գործը զուտ քարոզչական ու քաղաքական նկատառումներով: Այդ հակահայ արշավը, որը կազմակերպված է Անկարայի եւ Բաքվի կողմից, նրա կարծիքով, հետզհետե սաստկանալու է եւ ոչ` հակառակը: «Իսկ մենք` ֆրանսահայ բոլոր հոսանքները անխտիր, միավորված, պիտի շարունակենք Հայ Դատի պայքարի մեր երթը, համոզված ու առանց ընկրկումի: Ինչ վերաբերում է հատկապես դատական այս թղթածրարին, մենք թե' իրավական, թե' քաղաքական առումով պատրաստ ենք դիմագրավել այն եւ վստահ ենք, որ ազերիական այս ու նմանօրինակ փորձերը պիտի ձախողվեն, նույնիսկ եթե սկսել են հետզհետե ավելի լուրջ դառնալ»,- ասում է Վարժապետյանը: