կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 12:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, միանա․ Մարուքյանը՝ եռյակի հանրահավաքի մասին

«Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը, «Լուսավոր Հայաստանն» ինքն է որոշում՝ ինչ հայտարարի. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին՝ ԼՀԿ-ն կմիանա՞ կառավարության հրաժարականի պահանջին, եթե ԲՀԿ-ն, «Հայրենիքը» և ՀՅԴ-ն հանրահավաքի ժամանակ նման պահանջ առաջադրեն։

Նա նշեց, որ եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, ապա խորհրդարանում կնախաձեռնի իմփիչմենթի գործընթաց:

Մարուքյանն ասաց, որ տեղյակ չէ ԲՀԿ, «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների հրավիրած հանրահավաքից ու հանրահավաքի օրակարգից։

Նա վստահեցրեց, որ համագործակցում են տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախաձեռնություններ են իրականացնում, եթե օրակարգերը համընկնում են:

«Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով և այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ: Մնացած մասով՝ յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և այդտեղ նոր բան չկա, երբ որևէ ուժ հանրահավաք է կազմակերպում»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ եթե  իրենց նախաձեռնած հարցի շուրջ կոնսոլիդացիայի պետք լինի, իրենք կնախաձեռնեն հանդիպումներ: «Իշխանության հրաժարականի կոչերն էլ պետք է ունենան հստակ կառուցվածք»,- հավելեց Մարուքյանը:

Նա խոսեց նաև Ալիևի վերջին հայտարարությունների մասին և համոզմունք հայտնեց, որ Հայաստանում Արցախի հիմնախնդիրը քաղաքական առումով միշտ քննարկումների առարկա է եղել, նաև՝ շահարկումների, բայց Հայաստանում չկա և չի եղել այնպիսի իշխանություն, որը պատրաստ է Արցախի հիմնախնդրի հարցում գնալ ոչ հայանպաստ լուծման: «Այն, ինչ ունենք, դա է ցույց տալիս, մնացածը խոսակցություններ ու քննարկումներ են»,- նշեց Մարուքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում: