կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-21 11:19
Հասարակություն

21-րդ դարը հայ ժողովրդի անկասելի վերելքի ժամանակաշրջանն է լինելու․ Ավինյան

21-րդ դարը հայ ժողովրդի անկասելի վերելքի ժամանակաշրջանն է լինելու․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 29-ամյակի կապակցությամբ․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում????????????????????????,
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:
1991թ.-ի սեպտեմբերի 21-ի գալուն մենք շատ երկար ենք սպասել: Հաջողությունների ու անհաջողությունների, վերելքի ու անկումի, հույսերի ու հուսախաբության երկարուձիգ տարիներից հետո, շուրջ վեց հարյուրամյակ տևած պայքարի արդյունքում հայոց աշխարհը վերածնվեց, հայոց պետականությունը վերականգնվեց և աշխարհի քաղաքական քարտեզի վրա նորից հայտնվեց Հայաստան անունը:
Երբեմն լսում ենք կարծիքներ, որ Հայաստանին անկախությունը պատահաբար բաժին հասավ, գրեթե ոչինչ չանելով ու այդ նվիրական նպատակի համար չպայքարելով` ստացանք այն սկուտեղի վրա: Դա, իհարկե, այդպես չէ: Սեպտեմբերի 21-ը մենք կերտեցինք Անգեղակոթի ժողովի քննարկումներում, Դավիթ Բեկի հերոսական պայքարում, «Որոգայթ փառացի» էջերում, Սարդարապատի ճակատամարտի դաշտերում, Երկրորդ համաշխարհայինի ճակատներում, Ղարաբաղ կոմիտեի շարքերում, Արցախյան հաղթական ազատամարտում:
Անցած 29 տարիների ընթացքում փորձությունների ու մարտահրավերների պակաս չենք ունեցել: Սակայն հայ ժողովուրդը հաջողությամբ հաղթահարել է բոլոր դժվարությունները և այսօր հասել ենք մի կետի, երբ ունենք անկախ, կայացած ու դեպի ապագան նայող պետություն: Իսկ Թավշյա հեղափոխության արդյունքում մենք անշրջելիորեն արձանագրեցինք, որ անկախ Հայաստանը ժողովրդավարական հանրապետություն է, որտեղ օրենքի առջև հավասար են բոլորը, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են և որտեղ շարունակաբար բարելավվում են մարդու ապրելու և արարելու պայմանները:
Համոզված եմ, որ միասնաբար կջախջախենք մեր անկախության նկատմամբ ցանկացած ոտնձգություն և որ 21-րդ դարը հայ ժողովրդի անկասելի վերելքի ժամանակաշրջանն է լինելու:
Կեցցե՛ Անկախությունը, կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: