Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ը լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան» խորագիրը կրող կապիտալ աշխատանքը: «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որի գլխավոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանն է, հայ իրականության մեջ առաջին գրական հանրագիտարանն է։ Այն նաեւ հոբելյանական է եւ նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին։ Այս հանրագիտարանի հրատարակումը հնարավոր եղավ Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի (հ. 1-10, 1988-99) ակադեմիական հրատարակության, «Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրության» (հ. 1-3…, 2010-19…) տպագրության (որոնք իրենց ծանոթագրություններում պարունակում են հսկայական փաստագրական նյութ) եւ ստեղծված հարուստ թումանյանագիտական գրականության շնորհիվ։
Թումանյանագիտությունը ձեւավորվել ու զարգանում է որպես գրականագիտության ինքնուրույն ոլորտ եւ թումանյանագետների մի քանի սերնդի դիտարկումներով ու մեկնաբանություններով շարունակաբար բացահայտվում են Թումանյանի աշխարհի առանձնահատկություններն ու կենսագրության նոր շերտեր։
Հանրագիտարանի պատրաստմանն էականորեն նպաստել է նաեւ Թումանյանի գիտական կենսագրության եւ հասարակական գործունեության մասին ստեղծված հսկայածավալ գրականությունը։
Հանրագիտարանը կազմված է ոչ այն սկզբունքներով, որոնցով սովորաբար կազմվում են համապարփակ (այբբենական) եւ թեմատիկ (ըստ խոշոր ենթաոլորտների ներսում ՝ այբբենական) հանրագիտարանները։
Հովհաննես Թումանյանի հսկայածավալ գրական ժառանգությունը, կյանքի ու մարդկային բազմաբնույթ ու բազմաբովանդակ հարաբերությունները ճիշտ չէր լինի ներկայացնել ընդունված կաղապարներով։ Ուստի, նախընտրելով թեմատիկ կառուցվածքը, նյութը հատորում ներկայացվել է առանձին բաժիններով՝ ոչ թե այբբենական, այլ ժամանակագրական կարգով։
Հանրագիտարանը կազմված է հետեւյալ խոշոր թեմատիկ բաժիններից ( խորագրերից)՝
Հանրագիտարանում ներկայացված են բանաստեղծի ոչ թե ամբողջական գեղարվեստական ստեղծագործությունները (լավագույն դեպքում տրվում է պոեմների, բալլադների, պատմվածքների, հեքիաթների հակիրճ բովանդակությունը), այլ նշվում են տվյալ երկը գրելու հանգամանքները, առաջին տպագրության տեղն ու մամուլում առաջին արձագանքները, որոնք ամբողջացնում են բանաստեղծի անցած գրական ճանապարհը։
Մանրամասնորեն ներկայացված է Թումանյանի գործունեությունը հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եւ ԱՊՀ տարիներին, երբ բանաստեղծը ստիպված էր մեկնել նաեւ ռազմաճակատի առաջին գիծ, այնուհետեւ կազմակերպել հայ գաղթականների ու որբերի խնամքը Էջմիածնում։ Այս շրջանին է վերաբերում նաեւ պատերազմից հայ ժողովրդի կրած վնասները հաշվող Քննիչ հանձնաժո՚ղով կազմակերպելու եւ այդ աշխատանքը ղեկավարելու բանաստեղծի գործունեությունը։
Մշակութային եւ դաստիարակչական առումով շատ կարեւոր է գրքի Թումանյանը եւ հայ մշակույթը բաժինը, որտեղ ներկայացված են նրա բանաստղծությունների հիման վրա ստեղծված գործերը՝ օպերաներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ, երգեր, կինոնկարներ, մուլտֆիլմեր, կերպասրվեստի ու քանդակագործության նմուշներ եւ այլն։ Հատկապես կարեւորվել են «Անուշ» եւ «Ալմաստ» օպերաները, որոնք ըստ էության, հայ ազգային եւ դասական օպերաների հիմնասյուներն են։
Ծավալուն է նաեւ Անձնանուններ բաժինը, որտեղ ներկայացված են բոլոր նրանք, ովքեր հարաբերվել են Հովհաննես Թումանյանի հետ կամ ձեւավորել են այն միջավայրը, որտեղ ապրել եւ ստեղծագործել է բանաստեղծը։ Այս բաժնում տեղ են գտել նաեւ նրա բոլոր գրական նախորդները, որոնց Թումանյանն անդրադարձել է տարբեր առիթներով, բոլոր թումանյանագետները եւ այն գրականագետները, գրողները, թարգմանիչները, մշակութային գործիչները, որոնք նկատելի ավանդ ունեն բանաստեղի մասին ստղեծված գրականության ու արվեստի գործերում։
Այս ոչ սովորական կառուցվածքով հանրագիտարանից օգտվելը փոքրիշատե դյուրացնելու համար գրքի վերջում տրված են Թումանյանի գործերի, անձնանունների,տեղանունների, պարբերականների եւ այլ ցուցիչներ։