կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-15 17:42
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թափանցիկ քաղաքականությունը հասունացրել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան

Վաղը ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը Մատենադարանի հարակից հատվածից երթով կշարժվի դեպի ԿԳՄՍ նախարարություն:

«Երթը տրամաբանական շարունակությունն է 11 ամիս առաջ մեկնարկած՝ մեր պայքարի, որով Դաշնակցության Երիտասարդական միությունը կոչ արեց չզիջել մեր արժեքները և իր պայքարը սկսեց ազգային ու առաջադեմ կրթության համար: Անցնող 11 ամիսների ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի, փաստեց, որ մեր պայքարն արդարացված է, և ստիպեց մեզ ավելի կտրուկ գործողությունների անցնել ու շարունակել մեր պայքարն ավելի մեծ մասշտաբներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը:

Նա նշեց, որ իրենց դժգոհությունները պայմանավորված են ոլորտում առկա ճգնաժամով ու ապաշնորհ կառավարմամբ:

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ ընդգծեց՝ ՀՅԴ ՀԵՄ-ը սկսած պայքարը մինչև վերջ է տանելու:

«Մենք ունենք այս պայքարն իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռականություն, քանի  նախարարության վարած երկու տարվա քաղաքականությունը գնահատել ենք ապաշնորհ, ապազգային, որը սպառնալիք է ստեղծում հայկական պետությունների ապագայի համար: Ուզում ենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել երկու տարվա ընթացքում այս նախարարությունում: Այս ընթացքում այդպես էլ չի ներկայացվել ոլորտի ռազմավարությունը, որը պիտի թույլ տար քաղաքացիներին՝ հասկանալ, թե գիտությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը ինչ առաջնահերթություններ ունեն Հայաստանում, և որ ուղղությամբ ենք առաջ շարժվելու: Սա ոչ թե վրիպակ է, այլ զրկել է քաղաքացիներին նախարարության վարած քաղաքականությանը հետևելու  ու հարկ եղած դեպքում դրա վրա ազդելու հնարավորությունից», - ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝ առանց ռազմավարություն ներկայացնելու, ԿԳՄՍ-ն արդեն երկրորդ նախագիծն է ներկայացնում՝ (խոսքը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների և Հանրակրթական չափորոշիչների նախագծի մասին է):  

«Ռազմավարություն չներկայացնելուն զուգահեռ՝ այսպիսի կարևորագույն փոփոխությունները վկայում են այն մասին, որ իրականում կա ռազմավարություն, որով ԿԳՄՍ նախարարությունն առաջնորդվում է, սակայն այդպես էլ այն չի հրապարակում»,- ասաց Վարդանյանը:

Նա անդրադարձավ նաև այս ժամանակահատվածում բուհերի կառավարմանը, մասնավորապես ընդգծեց, որ նախարարը միջամտել է բուհերի կառավարմանը:

«Այդ պատկերը մենք տեսնում ենք ԵՊՀ-ում, երբ նախարարի բազմակի հորդորներից հետո ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց: Հիմա ԵՊՀ-ում կառավարման ճգնաժամ է, որովհետև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, նոր ռեկտոր չի ընտրվել: Նույնանման ճգնաժամ է նաև տնտեսագիտական համալսարանում, երբ ռեկտոր է նշանակվել անձ, որը բողոք է առաջացրել տնտեսագիտական համալսարանում, և նախարարության կազմում գործող ԲՈԿ-ը փաստել է՝ նշանակված ռեկտորը գիտական աստիճան է ստացել գրագողությամբ: Այս դեպքի հիման վրա ԲՈԿ-ի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել, որի ճակատագիրը մինչև հիմա անհայտ է: Այս իրավիճակը վկայում է բուհերում ու կառավարման ոլորտում քաոսի մասին»,- ասաց Վարդանյանը:

Ոչ թափանցիկ քաղաքականությունը հասունացրել է իրավիճակ, երբ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական խմբեր հանդես են գալիս նույն պահանջով՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Երթը տեղի կունենա վաղը՝ ժամը 19:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: