Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:
«Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,- նշում է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` գործող կարգավորումները սահմանում են, թե որ դեպքերում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ այդմ` հնարավոր է իրավիճակային լուծումներ տալ: Այսինքն` եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության՝ մինչև իրավիճակը փոխվի, և նորից անցում կատարվի առկա ուսուցման։ Ժ. Անդրեասյանի գնահատմամբ` այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է. այսինքն` սահմանափակումների կամ նոր խստացումների, այն է՝ հեռավար կրթության անցնելու որոշում ողջ համակարգի համար չի կայացվում: Նմանօրինակ որոշում, ըստ անհրաժեշտության, կարող է կայացվել առանձին դպրոցների համար:
«Մեկ մետր հեռավորություն պահելու դեպքում դպրոցները կարող են միասնական դասապրոցես կազմակերպել»,- նշում է Ժ. Անդրեասյանը` հավելելով, որ բազմաթիվ դպրոցներ արդեն անցել են ամենօրյա ռեժիմով առկա ուսումնական գործընթացի: Փոխնախարարը նաև շեշտում է, որ համավարակի կանոնների պահպանումը բխում է դպրոցների շահերից, որովհետև կանոնների պահպանումն առկա ուսուցումը չընդհատելու գրավական է:
Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ` ռիսկի խմբերում ընդգրկված շուրջ 5000 աշակերտների համար կազմակերպվում է հեռավար ուսուցում` համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հեռավար ուսուցման կարգի: Ըստ այդ կարգի` հեռավար կրթության մոդելը կարող է կիրառվել նաև հեռավոր բնակավայրերի այն դպրոցների համար, որտեղ առկա է մասնագիտական կադրերի պակաս: Այդպիսի շուրջ 101 դպրոց կա, որոնց համար ընտրված մենթոր դպրոցների ուսուցիչները կկազմակերպեն հեռավար դասեր:
Հեռավար ուսուցում կարող է կազմակերպվել նաև դիվանագիտական գործունեություն իրականացնող անձանց երեխաների, ինչպես նաև սփյուռքահայերի համար` նրանց ցանկությամբ: Այդ նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում գործում է հեռավար կրթության հարթակ, որտեղ տեղադրվում են ինչպես տեսադասեր, այնպես էլ հեռավար դասեր` ինտերակտիվ ձևաչափով: Օրինակ, եթե սփյուռքահայերը ցանկություն ունեն լրացնել որոշակի առարկաների կրթական բացը, կարող են ընդգրկվել հեռավար դասերին: Գրանցվելով հեռավար կրթության հարթակում` նրանք կստանան մուտքանուն, ծածկագիր և կընդգրկվեն ձևավորված առցանց դասարաններում ու դասերին մասնակցելու հնարավորություն կստանան: